


Արմինֆո. Ռուսաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի հարթակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը, շնորհակալ է Երևանում մեր գործընկերներին ռուսական նախաձեռնություններին աջակցելու համար, որոնք ուղղված են, մասնավորապես, պատմական ճշմարտության պաշտպանությանը: Այդ մասին ասվում է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հոդվածում, որը հրապարակել է "Արմենպրես" պետական գործակալությունը։
Նրա ասելով՝ վառ օրինակ է 2025 թվականի մարտին մի շարք պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համահեղինակությամբ պատրաստված՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի ութսուներորդ տարեդարձը» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ռուսական բանաձևի ընդունումը։
«Հայաստանը նաև ավանդաբար հանդես է գալիս «Պայքար նացիզմի, նեոնացիզմի և այլ այնպիսի դրսևորումների հերոսացման դեմ, որոնք նպաստում են ժամանակակից ձևերի ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության տարածմանը» տարեկան բանաձևի օգտին։ Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, լիովին գիտակցում է իր պատասխանատվությունը ՄԱԿ-ի ապագայի համար՝ որպես իրավահավասար երկխոսության և ժամանակակից գլոբալ մարտահրավերներին հավաքական պատասխաններ մշակելու եզակի հարթակ: Մեր երկրի արտաքին քաղաքականության հայեցակարգը նախատեսում է առաջնահերթ ուշադրություն դարձնել Համաշխարհային կազմակերպության դերի վերականգնմանը՝ որպես կենտրոնական համակարգող մեխանիզմ նրա անդամ պետությունների շահերի համադրման գործում՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների և Կազմակերպության քաղաքական անաչառության պահպանման պայմաններում», - ամփոփել է դիվանագետը։



