
Արմինֆո. Ամեն ինչ արվում է, որպեսզի 2026 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի օրերին Ցեղասպանության հուշահամալիրը փակ մնա։ Այս կերպ փորձ է արվում պետական արարողակարգից հանել օտարերկրյա պատվիրակությունների համար կազմակերպվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցը։ Այդ մասին հայտարարել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով Եղեռնի հուշարձանի վերանորոգման աշխատանքները ժամանակավորապես կդադարեցնելու վերաբերյալ Հայաստանի ճարտարապետների պալատի հայտարարությանը։
Կուսակցության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամաանքին, որ այդպիսի որոշում է կայացվել ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստում, որին մասնակցել են Պալատի խորհրդի հինգ անդամներ։
«Հնարավոր է, որ գագաթնաժողովին մասնակցեն նաև Էրդողանն ու Ալիևը, և ամենայն հավանականությամբ՝ հուշահամալիրը փակ պահելու որոշումը կայացվել է նրանց չվրդովեցնելու համար։
Սա իշխանությունների կողմից իրականացվող հերթական սրբապղծությունն է։
Եթե այդպես չէ, ապա հենց այսօր հերքեք և հրապարակեք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների համար նախատեսված արարողակարգային այցերն ու հանդիպումները», - գրել է Մարուքյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ պետությունը 800 մլն դրամ է ուղղել Հայոց ցեղասպանության ինստիտուտ- թանգարանի և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի վերակառուցման համար: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 300 օր հետո, այսինքն՝ մինչև 2026 թվականի ավարտը։ Սակայն շատ փորձագետներ հակված են կարծելու, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի, այսպես կոչված, վերակառուցումը, որը "պատահաբար" համընկավ խաղաղության մասին վաշինգտոնյան հռչակագրի ստորագրման հետ, ուղերձ է զիջումների գնալու Երևանի պատրաստակամության մասին։ Բացի այդ, մեկ անգամ չէ, որ բարձրացվել է դրա վերակառուցման արհեստականորեն երկարաձգվող ժամկետների և բազմաթիվ սխալների հարցը, որոնք ավելի շատ հանգեցնում են դրա վնասմանը, քան՝ վերականգնմանը ։