


Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է առաջ մղել Հայաստանի Սյունիքի մարզով անցնող տրանսպորտային երթուղու ստեղծման ադրբեջանական պատումը, որը պետք է Ադրբեջանի հիմնական մասը միացնի իր էքսկլավին եւ, նույնիսկ, նշել է դրա հնարավոր գործարկման ժամկետները:
"Ադրբեջանի տարածքում ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության բոլոր աշխատանքները կավարտվեն մինչև հաջորդ տարվա կեսը։ Այլ երկրների տարածքում, հույս ունենք, որ նույն արագությամբ այդ ամենը կյանքի կկոչվի, և այդ դեպքում "Զանգեզուրի միջանցքի" բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը", - ասել է Ալիևը։
Նա նաև հիշեցրել է, որ օգոստոսին Վաշինգտոնի գագաթնաժողովի ձեռքբերումներից մեկը TRIPP (The Trump route for international peace and prosperity) նախագիծն է։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր անունն է տվել այդ նախագծին, ինչը, բնականաբար, խոսում է այն մասին, որ այդ նախագիծն անպայման կյանքի կկոչվի: "Դրանով բացվում է Միջին միջանցքի ևս մեկ երթուղի։ Ի հավելումն ավանդականի՝ հայտնվում է ևս մեկը Զանգեզուրով ՝ 15 միլիոն տոննա բեռնաշրջանառությամբ ՝ ամենաժամանակակից ստանդարտների մակարդակով։ Այնպես որ, Ասիայից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ մեր երկրների տարածքով բեռների ծավալն ինքնին աճելու ներուժ ունի, բայց նաև ավելի մեծ ներուժ կունենա ընդունելու և ուղարկելու համար", - ասել է Ալիևը, ում խոսքերը մեջբերում են տեղական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր, որը նախատեսում է նաև "Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար" (TRIPP) կոմունիկացիոն ծրագրի մեկնարկը Հայաստանի Հանրապետության տարածքում:



