


Արմինֆո. Երեկ Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ քաղաքական մեծամասնությունը չի ընդունում ժողովրդի կամարտահայտությունը։ Այդ մասին հոկտեմբերի 21-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ գրեթե ամեն օր կառավարող ուժը ցուցադրում է իր հակաժողովրդական, հակաժողովրդավարական, իսկ առանձին դեպքերում՝ նաև անբարոյական կերպարը, եւ Գյումրիի երեկվա դեպքերը դրա վառ ապացույցն են։
"Սկզբում տեղեկատվական արշավի միջոցով մարդկանց վարկաբեկում են, որից հետո նրանց վրա հարձակումներ են կատարվում բոլոր հնարավոր մեթոդներով և ռեսուրսներով ։ Ոչ ոք իրավունք չունի խախտել ՀՀ սահմանադրության 66-րդ հոդվածը, որում ամրագրված է անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Մինչդեռ, իշխանության ներկայացուցիչները "մեխում" են մարդկանց, իբր, նրանց կատարած հանցագործությունների մասին, դա խոսում է նրանց անօրինական գործողությունների և ՀՀ սահմանադրության հիմքերի խախտման մասին", - հայտարարել է ընդդիմադիրը։
Ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ընտրվելուց ընդամենը 6 ամիս անց կաշառք է վերցրել, "խժռել" ու բռնվել: Ռուբինյանը նշել է, որ այդ մարդը չի փոխվել։ Այդ ֆոնին, Ռուբինյանի ասելով, ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ ակտիվորեն աջակցում են կաշառակերին ։ "Ես կարծում էի, որ ընտրվելուց հետո գոնե կփոխվի, բայց պարզվում է ՝ ոչ", - ընդգծել է ԱԺ փոխնախագահը:



