


Արմինֆո. Կալանավորված ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ստեղծած "Մեր ձեւով" շարժումն իր աջակցությունն է հայտնել Գյումրիի ձերբակալված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Շարժման ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության մեջ ասվում է․
«Մեր ձևով» ժողովրդական շարժումը իր անվերապահ սատարումն է հայտնում Գյումրիի ընտրված քաղաքապետին, որի հանդեպ անթաքույց անհամաչափ ու բիրտ հետապնդում է իրացվում։
Ստեղծված իրավիճակում մեր երկրի սթափ մտածող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունների ակնհայտ բռնաճնշումները վաղ թե ուշ հասնելու են բոլորին։ Ու եթե այս օրերին ժողովուրդը չարտահայտի իր բողոքը և չասի իր խոսքը, ապա Հայաստանի Հանրապետությունը շատ շուտով վերածվելու է տոտալ բռնապետության»։
Հիշեցնենք, որ այսօր խոշոր չափերով կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել են Գյումրու քաղաքապետարանի 8 աշխատակիցներ՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Նշենք, որ հոկտեմբերի 1-ին, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղուկասյանին մեղադրել էր ընտրողներին կաշառելու համար եւ թյուրիմացություն էր անվանել նրա քաղաքային վարչակազմի ղեկավար ընտրվելը ՝ խոստանալով "շտկել այդ իրավիճակը":



