


Արմինֆո. Թուրքիան խոսում էր այն մասին, որ չի կարող բացել սահմանները, դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ մինչև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Հիմա դա արվել է՝ հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է, որևէ վեճ չկա դրա տեքստի վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգորնախարար Արարատ Միրզոյանը՝ DW-ի հետ հարցազրույցում, հավելելով, որ ոչ մի խնդիր չի տեսնում հայ-թուրքական սահմանի բացման համար։
"Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար խնդիր չեմ տեսնում։ Դա հաստատել են նաև մեր թուրք գործընկերները։ Նրանք պատրաստակամություն են հայտնում և գործնականում ցույց են տալիս այդ պատրաստակամությունը՝ վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը, երկկողմ ուղիղ առևտուրը, նույնիսկ՝ չխոսելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։ Ուստի, կարծում եմ, որ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում մենք շոշափելի առաջընթացի կհասնենք այդ ուղղությամբ։ Դա, առավելագույնը, մի քանի ամսվա հարց է, դա իմ ընկալումն է, տեսնենք՝ ինչպես կդասավորվի", - ասել է Միրզոյանը։



