


Արմինֆո.Հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը կկրճատվի։ ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 16-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Տեսալսողական մեդիայի մասին" օրենքում ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած փոփոխություններին:
Թագուհի Ղազարյանի խոսքով՝ օրինագծով առաջարկվում է կրճատել հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը՝ 3-ից մինչեւ 2: Ներկայումս այդ կարգավիճակն ունեն "Առաջին ալիքը" ՝ որպես հիմնական հեռարձակող, "Շողակաթ" հոգևոր-մշակութային ալիքը և "Լուրեր" լրատվական ալիքը։ "Ներկա իրավիճակի գնահատականը ցույց է տալիս, որ գործող իրավակարգավորմամբ սահմանված պահանջներին համապատասխանող հանրային հեռարձակողների անհրաժեշտ քանակի պահպանումը որակին առնչվող խնդիրներ է առաջացնում", - հայտարարել է Ղազարյանը:
Նա հավելել է, որ պետբյուջեից ստացվող ազատված միջոցները կուղղվեն 2 հեռուստաընկերությունների՝ հեռարձակման որակը բարելավելու համար։
Նշենք, որ նախագծում հստակ նշված չէ, թե որ հանրային հեռարձակողն է զրկվելու եթերից։ Սակայն, ամենայն հավանականությամբ, խոսքը "Շողակաթի" մասին է, որի փակման մասին "Քաղաքացիական պայմանագրի" անդամները վաղուց են խոսում։ Պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ Փաշինյանն այս պահին ակտիվ հակաեկեղեցական արշավ է ծավալել։



