


Արմինֆո. Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Կոլբիի հետ: Հանդիպմանը նաև մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ներկա ընթացքին և երկարաժամկետ, ինստիտուցիոնալ ծրագրերի նախաձեռնմանն առնչվող հարցեր։
Կողմերը վերահաստատել են պաշտպանության ոլորտում գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը՝ ընդգծելով ԱՄՆ ստանձնած կարևոր դերը տարածաշրջանում կայուն և տևական անվտանգության հաստատման գործընթացում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ռազմական կրթության և պաշտպանական բարեփոխումների ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի։



