
Արմինֆո. «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» (Armenian Spiritual Revival Foundation) գործունեությունը հումանիտար աջակցման ծրագրերի տրամաբանական շարունակությունն է, որի նպատակն է անել հաջորդ քայլը այնտեղ, որտեղ մարդիկ անցում են կատարում գոյատեւումից դեպի ամոքում ու զորացում։
Ըստ ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության՝ այդ մասին հայտարարել է "Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի" հիմնադիր, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը՝ «Ամոքելով ապագան. հոգեւոր–հոգեբանական մեթոդը գործնականում» խորագրով աշխատանքային քննարկման ընթացքում։
Քննարկումները նվիրված էին հոգևոր-հոգեբանական վերականգնման նկատմամբ նոր մոտեցմանը և տեղի են ունեցել "Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները" 10-րդ միջազգային գիտաժողովի շրջանակներում: Այդ մոտեցումն ստեղծվել է հայ և միջազգային առաջատար մասնագետների հետ համագործակցությամբ ։ Այն միավորում է հոգեբանությունը, պատմությունը, մշակույթը և հոգևոր արժեքները և ուղղված է կոլեկտիվ տրավմայի անհատական հետևանքների վերականգնմանը:
Նուբար Աֆեյանի խոսքով՝ այս ծրագրի արմատները գնում են դեպի իր մյուս հաջողված նախագծերը՝ ի դեմս "Ավրորա" մարդասիրական նախաձեռնության, որն այս տարի նշում է իր գործունեության 10-ամյակը:
Միջոցառման ընթացքում ներկաներին ներկայացվել է հիմնադրամի առաքելությունը և ծրագրային ուղղությունները: Բացի այդ, քննարկվել են համագործակցության և ազդեցության ընդլայնման հնարավորությունները՝ հաշվի առնելով Հայաստանի կառավարության առաջնահերթությունները, հիմնադրամի գլոբալ ծրագրերը և ներկա գիտնականների ու փորձագետների կարծիքները:
"Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը" ստեղծվել է 2022 թվականի ամռանը ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի կողմից և Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ:
Մինչ օրս հիմնադրամի ծրագրերի շնորհիվ վերապատրաստվել են 100 - ից ավելի մասնագետներ, իսկ շուրջ 4000 մեծահասակներ և երեխաներ ստացել են հոգևոր-հոգեբանական աջակցություն: Հիմնադրամի ծրագրերն իրականացվում են «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամի եւ Աֆեյան ընտանիքի աջակցությամբ։