
Արմինֆո. Հայաստանում ՄԱԿ Բնակչության հիմնադրամի գրասենյակը պաշտոնապես մեկնարկել է ՄԱԲՀ-ի 2026–2030թթ․ երկրի ծրագիրը՝ ուղղված Հայաստանի ժողովրդագրական կայունության, գենդերային հավասարության, երիտասարդների զորեղացման և վերարտադրողական առողջության խթանմանը։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում ՄԱԲՀ գրասենյակի մամուլի ծառայությունը։
«Հատկապես կարևորում ենք ՄԱԲՀ-ի աջակցությամբ մշակված Հայաստանի ժողովրդագրական ռազմավարությունը, որը պետք է դառնա առաջիկա հինգ տարիների գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Կարևոր է ապահովել բավարար ֆինանսավորում ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործման համար։ Վստահ ենք, որ գործընկերների աջակցությունն ու համագործակցությունը վճռական կլինեն մեր զարգացման մարտահրավերների հաղթահարման գործում», - միջոցառման մեկնարկին ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրեն Կլաուս Բեքն ընդգծել է․ «Հայաստանը կանգնած է իր զարգացման առանցքային փուլում։ Նոր ծրագիրը փոխակերպող ուղի է՝ ժողովրդագրական կայունության ամրապնդման և յուրաքանչյուրի ներուժը բացահայտելու համար»։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի խոսքով՝ «Հայաստանի ապագա բարեկեցությունը կախված է մարդկանց ուղղված ներդրումներից՝ նրանց առողջության, կրթության և հավասար հնարավորությունների ոլորտներում»։
ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, ներկայացնելով նախորդ հինգ տարիների ձեռբերումները, քաղված դասերն ու նոր ծրագրի ռազմավարական ուղղությունները, ասաց․ «Այս ծրագիրը մեր համատեղ հանձնառությունն է՝ խթանել Հայաստանի ժողովրդագրական կայունությունն ու մարդկային կապիտալի զարգացումը՝ հանուն ներառական, առողջ և դիմակայուն Հայաստանի»։
Նոր հնգամյա ծրագիրն ուղղված է համակարգերի և կարողությունների բարելավմանն ու քաղաքականությունների կատարելագործմանը՝ ապահովելու սեռական և վերարտադրողական առողջության ու գենդերային բռնության կանխարգելման որակյալ ու մատչելի ծառայություններ, ինչպես նաև նպաստելու վերարտադրողական իրավունքների իրացմանը, գենդերային հավասարությանը և երիտասարդների զորեղացմանը։
Ծրագիրը նաև առանձնահատուկ ուշադրություն է դարձնում համայնքների աջակցությանը՝ դրական սոցիալական նորմերի և առողջ ապրելակերպի խթանման հարցում, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում ժողովրդագրական տվյալների և ապացույցների վրա հիմնված քաղաքականությունների կիրառմանը։