
Արմինֆո.Հայաստանի իշխանություններն՝ իրենք են ընդունում, որ երկրի տարածքով միջանցքի անցկացման երթուղին դեռ որոշված չէ։ Այդ մասին հոկտեմբերի 13-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ իսկ եթե, այնուամենայնիվ, երթուղին կանոնակարգված է, թող այդ մասին հաղորդեն, և՝ ով է ստացել դրա անցկացման իրավունքը։ Ամեն դեպքում, ինչպես նշել է Խաչատրյանը, հայկական կողմը պետք է պատրաստ լինի "մեծ շուկա" և "փոքր շուկա" հասկացություններին"։ Այսօր ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում հայկական շուկան թուրքական էքսպանսիայից պաշտպանելու համար։ "Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TIRPP) նախագծի իրականացման դեպքում առաջին հարվածը կհասցվի երկրի գյուղատնտեսությանը, որից հետո հերթը կհասնի տեքստիլ արդյունաբերությանը։ Մինչդեռ , Հայաստանի տնտեսության այդ երկու ոլորտներն ունեն սոցիալական կարևորագույն նշանակություն։ Պատգամավորը հիշեցրել է 2021 թվականի իրավիճակը, երբ Թուրքիայից ապրանքների նկատմամբ արգելք սահմանվեց, և ինչպես դրանից շահեցին երկրի տնտեսությունն ու քաղաքացիները։
Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է խորհրդարանականը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը միշտ տարել է ոչ թե խաղաղության, այլ՝ պատերազմի, դեպի տառապանք և արտաքին ռիսկերի աճ: "Նա իր քաղաքականությունում դիմում է հոգեբանական հնարքի, իբր, ինձ ընտրել է ժողովուրդը, և եթե դու դեմ ես ինձ, դու դեմ ես ժողովրդին։ Ոչ, մենք դեմ չենք ժողովրդին, որովհետև դու ընտրվել ես բոլորովին այլ խոստումների համաձայն ։ Եվ, ընդհանրապես, ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ քո տարածքի զգալի մասն օկուպացված է թշնամու կողմից, որը լկտիաբար միջամտում է քո ներքին գործերին։ Օրինակ՝ ՀՀ սահմանադրության մասին պահանջներն այդ միջամտության հաստատումն են", - ասել է Խաչատրյանը, հիշեցնելով, որ Վաշինգտոնում համաձայնագրի նախաստորագրումից առաջ Ադրբեջանը հետևողականորեն գնդակոծության էր ենթարկում Սյունիքի մարզը։ Ըստ էության, խոսքը Հայաստանին պարտադրված խաղաղության մասին է։
Պատգամավորն ընդգծել է, որ TIRPP նախագծում հայկական կողմին պետք է հետաքրքրի ոչ թե երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածը, այլ Երասխ-Սադարակ հատվածը։ "Եթե վերջին տեղամասը չկա, ինչի՞ մասին ենք խոսում, ընդհանրապես։ Ի՞նչ կտա մեզ միայն 42 կիլոմետրանոց հատվածի կառուցումը։ Իշխանությունները միշտ խոսում են տարածաշրջանի հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակման մասին։ Մինչդեռ, ամբողջական ապաշրջափակումը պետք է ներառի նաև Իջևան-Ղազախ ճանապարհը, որը շատ ավելի կարճ կլինի և դեպի Վրաստան, և դեպի Հայաստանի հարավ: Բայց, քանի որ դա չկա, մենք գործ ունենք Ադրբեջանի պարտադրած պարտավորությունների հետ", - ասել է ընդդիմադիր գործիչը, հիշեցնելով իշխանության խոստումները՝ բացել երեք հսկիչ անցակետեր՝ Սոթքում, Երասխում և Քարահունջում, ինչն այդպես էլ չի արվել։