


Արմինֆո. "Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն" պետական ոչ առևտրային կազմակերպությունը կրկին կոչ է անում ՀՀ քաղաքացիներին և հյուրերին զերծ մնալ հուշարձանների արտաքին տեսքն ու պահպանությունը խաթարող գործողություններից: Ադս մասին հաղորդում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված հուշարձանների տարածքներում վանդալիզմի կրկնվող դեպքերի հետ։ Դրանցից մեկը Կիրանց վանքի պատերին թողած գրություններն են։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ ծառայության Տավուշի բաժանմունքի աշխատակիցների ուժերով մաքրվել են Կիրանց վանքի պատերի վրայի գրությունները: Դրանց մի մասը հնարավորինս խնամքով հեռացվել է։ Սակայն մի մասը մնացել է, քանի որ ներկերը բավականին դիմացկուն են, և դրանց խորը մաքրման դեպքում վանքի պատերի վնասման վտանգ կա։



