


Արմինֆո.Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։
"Մենք ողջունում ենք Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնությունը, որը ձեռք է բերվել Դոնալդ Թրամփի գլխավորությամբ միջնորդների անխոնջ ջանքերի շնորհիվ։
Մենք հուսով ենք, որ այդ համաձայնագիրը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության և կայունության համար", - ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան (X) գրառման մեջ։
Իսրայելի նախարարների կաբինետը հոկտեմբերի 10-ի գիշերը հաստատել է ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ հրադադարի շուրջ համաձայնագիրը: Ըստ «ՌԲԿ»-ի՝ Իսրայելի վարչապետի գրասենյակից պարզաբանել են, որ հենց այդ պահից ուժի մեջ է մտնում հրադադարի ռեժիմը: Համաձայնագիրն ստորագրվել է հոկտեմբերի 9-ին Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում։ Դրա հիմքում ընկած է անցյալ շաբաթ հրապարակված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը։
Հրադադարի առաջին փուլում Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) իր զորքերը հետ կքաշի Գազայի հատվածում ավելի վաղ համաձայնեցված դիրքեր՝ դեպի, այսպես կոչված, դեղին գիծ: ՑԱԽԱԼ-ում հայտարարել են, որ արդեն սկսել են համաձայնագրի իրականացման օպերատիվ նախապատրաստումը: Reuters գործակալության տվյալներով ՝ իսրայելական զորամասերի հետքաշումը տեղի կունենա համաձայնության հասնելուց հետո 24 ժամվա ընթացքում: Դրանից հետո 72 ժամվա ընթացքում ՀԱՄԱՍ-ը պետք է իսրայելական կողմին փոխանցի բոլոր պատանդներին և իր մոտ եղած զոհվածների մարմինները: Այժմ խմբավորման գերության մեջ է մնում 48 մարդ, նրանցից միայն 20-ն են համարվում ողջ ։



