
Արմինֆո.Հայոց ցեղասպանության հուշահամալիրն ամբողջությամբ քանդելու փոխարեն, անհրաժեշտ է միայն վերանայել դրա վերակառուցման նկատմամբ մոտեցումը։ Այդ մասին հայտարարել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերակառուցման շոււրջ քննարկման շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ճարտարապետն այդ առումով ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախագծային աշխատանքը, որով իրականացվում է հուշահամալիրի վերակառուցումը, պրոֆեսիոնալ չէ և պարունակում է բազմաթիվ սխալներ։ Նրա համոզմամբ՝ դա կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել։ Մասնավորապես, այն մեթոդաբանությունը, որն այսօր օգտագործվում է հուշահամալիրի վերակառուցման համար, ի վերջո կհանգեցնի հիդրոֆոբության ավելի լուրջ խնդիրների, որոնք այսօր, իբր, փորձում են լուծել:
Այդ առնչությամբ նա անդրադարձել է այն հիմնական խնդրին, որը կառաջանա անձրևների շրջանի սկսվելուն պես: "Հուշահամալիրի վերին մասը մնում է բաց, ինչը կհանգեցնի անձրեւաջրերի ներթափանցմանը հուշահամալիրի հիմք: Դա, իր հերթին, կհանգեցնի բարձր խոնավության եւ ավելի մեծ վնասների", - պարզաբանել է Թարխանյանը։
Մինչդեռ, ճարտարապետն ուշադրություն է հրավիրել, որ կան որոշակի մոտեցումներ, որոնց շրջանակներում իրականացվում են նման աշխատանքներ։ Այդ առումով նա վրդովվել է, որ այսօր այդ վերակառուցումն իրականացվում է համապատասխան փորձ և պատկերացում չունեցող մարդկանց կողմից։ "Վերակառուցման շրջանակներում անհրաժեշտ էր գոնե օգտվել հիդրոֆոբ նյութերից, որոնք ունեն ջուրը վանելու հատկություն։ Ուշագրավն այն է, որ համալիրն արդեն ուներ ջրահեռացման մեխանիզմներ, որոնք նախատեսված էին դրա ճարտարապետների կողմից։ Սրանք բոլոր սկզբունքներն են, որոնք դրվել են դեռ վաղուց և նախատեսված են եղել հենց պետական նշանակություն ունեցող հուշարձանների ու կառույցների պաշտպանության համար", - պարզաբանել է ճարտարապետը։
Այնուհետև նա անդրադարձել է դրամական ծախսերին։ Թարխանյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ աշխատանքների համար հինգ անգամ ավելի շատ միջոցներ են ներգրավվել, քան անհրաժեշտ են այդ տեսակի վերակառուցման համար: "Կառավարությունը մեծ միջոցներ է հատկացրել հուշահամալիրի վերակառուցման համար։ Բայց հարց է առաջանում․ արդյո՞ք դրա համար անհրաժեշտ էր նման ծախսեր անել ։ Իրականությունն այն է, որ հուշահամալիրի վերակառուցման համար կարելի էր ավելի քիչ աշխատուժ ներգրավել, ավելի քիչ ժամանակ ծախսել և ավելի քիչ միջոցներ ծախսել։ Եվ ճիշտ մոտեցման դեպքում դրա տարածքում բոլոր աշխատանքները կարելի էր ավարտել արդեն ամռանը", - նշել է փորձագետը։
Խոսելով այն գործողությունների մասին, որոնք պետք է ձեռնարկվեն հուշահամալիրի պահպանության համար, նա ուշադրություն է հրավիրել, որ, առաջին հերթին, պետք է ամեն ինչ անել, որպեսզի հուշարձանի տարածքում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեն: Այնուհետև, ինչպես շարունակել է Թարխանյանը, անհրաժեշտ է իրականացնել արդեն կատարված աշխատանքների վերլուծություն և հասկանալ, թե ինչ վիճակում է գտնվում համալիրն այսօր։
"Բացի այդ, անհրաժեշտ է առանձին մոտեցում սահմանել հենց բազալտե հենասյուների (համալիրի շուրջ տեղադրված 12 սալեր - խմբ.) վերակառուցման համար, որոնք այժմ ուղղակի սարսափելի վիճակում են։ Մասնավորապես, պետք է հասկանալ, թե ինչպես կարելի է վերականգնել վնասված հենասյուները, եւ ինչ մոտեցում ցուցաբերել ամբողջական սալերի վերափոխման հարցում", - պարզաբանել է Թարխանյանը։
Ամփոփելով՝ ճարտարապետը կրկին նշել է, որ ճարտարապետների թույլ տված ավելորդություններն անիմաստ էին և ոչ այլ ինչ են, քան պետական միջոցների վատնում: Այդ առնչությամբ նա հաղորդել է առաջիկայում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և նախագծողների հետ հանդիպելու մտադրության մասին՝ պարզելու համար, թե իրականում ինչ է կատարվում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում, և ինչպես կարելի է այն շտկել:
Հիշեցնենք, որ պետությունը 800 մլն դրամ է ուղղել Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի և հուշահամալիրի վերակառուցման համար: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 300 օր հետո, այսինքն՝ մինչև 2026 թվականի վերջը։ Սակայն, շատ փորձագետներ հակված են կարծելու, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի, այսպես կոչված, վերակառուցումը, որը "պատահաբար" համընկավ խաղաղության մասին վաշինգտոնյան հռչակագրի ստորագրման հետ, ուղերձ է զիջումների գնալու Երևանի պատրաստակամության մասին։ Բացի այդ, արդեն մեկ անգամ չէ, որ բարձրացվել է դրա վերակառուցման արհեստականորեն երկարաձգվող ժամկետների և բազմաթիվ սխալների հարցը, որոնք ավելի շատ հանգեցնում են դրա վնասման, քան՝ վերականգնմանը։