
Արմինֆո Հայաստանը վերահաստատում է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը որևէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի գրավոր հարցմանը։
Նշենք, որ այսօր ելույթ ունենալով Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ "Վաշինգտոնի գագաթնաժողովի եւս մեկ կարեւոր արդյունքը Զանգեզուրի միջանցքի բացումն էր": Զանգեզուրի միջանցքը մեծ նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային զարկերակ և երկրորդ երթուղի ինչպես Միջին, այնպես էլ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում»:
Բաղդասարյանի ասելով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին կայացած հանդիպմանը քննարկվել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը:։
«Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Կոպենհագենում կայացած հանդիպման արդյունքներով երկու կողմերն էլ տարածել են մամուլի հաղորդագրություն, որից ակնհայտ է, որ երկու կողմերը ընդունում են՝ Հայաստանի տարածքին առնչվում է TRIPP նախագիծը, հետեւաբար Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ նախագիծ չկա և չի կարող լինել։
Հարցը, այո, քննարկվել է Կոպենհագենի հանդիպման ընթացքում, և մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել Հայաստանի Հանրապետության տարածքին։ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են միայն TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում», - ասել է նա։
Մինչդեռ, օրերս Հայաստանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը ենթադրություն է հայտնել, որ "Զանգեզուրի միջանցք" ասելով Ադրբեջանի ղեկավարությունը նկատի ունի ճանապարհ իր տարածքում, մասնավորապես, Հորադիզ և Զանգելան քաղաքների միջև։ "Այդ պատճառով, երբ ասում են "Զանգեզուրի միջանցք", իմացեք, որ դա Հայաստանի մասին չէ, նրանք խոսում են իրենց երկրի տարածքի մասին։ Հետևաբար, այս թեման եկեք փակ համարենք։ ... Նրանք օգտագործում են "Զանգեզուրի միջանցք" տերմինը ։ Թող կոչեն ինչպես ուզում են, մենք խնդիր չունենք", - հայտարարել է Փաշինյանը