
Արմինֆո. Վանաձորցի 16-ամյա պատանու առողջական վիճակի վատթարացումը որևէ կապ չունի պատվաստման հետ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պատվաստումից որոշ ժամանակ անց պատանին առողջական խնդիրներ է ունեցել ։ Հոկտեմբերի 6-ին նա տեղափոխվել է քաղաքային բժշկական կենտրոն, որտեղից առողջական վիճակի որոշակի բարելավումից հետո ուղղաթիռով տեղափոխվել է Երևան: Բժիշկները նախապես ախտորոշել են գլխուղեղի այտուց, սինուսային թրոմբոզ և սուբարախնոիդալ արյունազեղում: Հիվանդը գտնվում է ծանր, բայց կայուն վիճակում և ստանում է անհրաժեշտ բուժում: Ի սկզբանե խոսվում էր այն մասին, որ պատանու առողջական վիճակի վատթարացումը կապված է պատվաստման հետ։
Այդ առնչությամբ նախարարը նշել է, որ այդ հաղորդագրությունից ապատեղեկատվության հոտ է գալիս։ "ՀՀ վարչապետը հրապարակել է հաղորդագրություն, որում հիշատակել է ապատեղեկատվական տեխնոլոգիաների տեսանկյունից առավել խոցելի ոլորտները։ Այդ չորս ոլորտների թվում, իհարկե, մերն է՝ առողջապահությունը։ Թարմ օրինակ այսօրվա «տեղեկատվական» դաշտից։ Եկեք վերլուծենք "լայքեր" և "խուճապ"առաջացրած հրապարակումը։ Բուժհաստատություն տեղափոխված անձի առողջական վիճակի գնահատականը տրվում է առանց պաշտոնական աղբյուրը նշելու և ճշտելու՝ անուղղակիորեն նաև հրապարակելով բժշկական գաղտնիքը: Առանց հանգամանքները պարզելու և լիազոր անձանցից տեղեկատվություն պահանջելու նշվում է մեկ շաբաթ առաջ կատարված պատվաստումը։ Նկարագրությունից հետեւում է, որ ծնողները "կատարել են ոչ պրոֆեսիոնալ տնային բուժում" եւ, տեսնելով, որ չեն կարողանում "բուժել", երեխային տեղափոխել են հիվանդանոց: Հրապարակումը պարունակում է ապատեղեկատվություն, մանիպուլյացիաներ, հուզական ենթատեքստ և հետապնդում է մեկ նպատակ ՝ խաթարել մարդկանց վստահությունը պատվաստումների և, ընդհանրապես, պետության կողմից իրականացվող առողջապահական գործառույթների նկատմամբ: Մինչդեռ, այս պահին մասնագետների թիմը, համակողմանի ուսումնասիրելով դեպքը, եկել է այն եզրակացության, որ ախտորոշումը, բուժման ընթացքը, պատվաստումների ժամանակագրությունը և նախորդ պատվաստումների պատմությունը հետպատվաստումային դեպք չեն:Իսկ ի՞նչ իմաստ ունեն մեր հերքումները։ "Թեժ" հրապարակումն իրականացրեց իր հուզական ապատեղեկատվական ահաբեկչությունը․.. Միակ փրկությունը մեր իրազեկվածությունն ու ճանաչողությունն է", - նշել է Անահիտ Ավանեսյանը