
Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից՝ կապված Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու հետ։
Այդ առնչությամբ նախարարության մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ Շաքիի ջրվեժը հանդիսանում է բնության ջրաերկրաբանական հուշարձան և գտնվում է պետական պահպանության ներքո։
«Տվյալ գործունեության արդյունքում խախտվել են ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը․ ըստ որոնց՝
Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը,
Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով։
Բացի այդ, խախտվել է նաև ՀՀ Բնապահպանության նախարարության 2018 թվականի մարտի 21-ի N 68-Ն հրամանը, որը արգելում է բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն։
Ահազանգը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ համապատասխան ընթացք տալու համար։
Հարգելի քաղաքացինե՛ր, հորդորում ենք պահպանել շրջակա միջավայրի պահպանության սահմանված օրենսդրական պահանջները և զերծ մնալ ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել մեր երկրի բնական ժառանգությանը», - ասվում է նախարարության հաղորդագրությունում։
Ժողովրդագրագետ գիտնականների կարծիքով՝ նման միջոցառումներն, իհարկե, վնասում են բնությանը, բայց այնքան բացասական ազդեցություն չեն ունենում, որքան սելեկտիվ աբորտները։ Գլխավորն այն է, որ Gender Party-ները չավելացնեն սելեկտիվ աբորտների վիճակագրությունը, կարծում են նրանք։
Սելեկտիվ աբորտները կամ սեռով պայմանավորված աբորտները Հայաստանում շարունակում են մնալ ժողովրդագրական լուրջ խնդիր՝ որդիների նախապատվության մասին խորը արմատացած կարծրատիպերի պատճառով: Չնայած 2016թ․ օրենքն արգելում է հղիության արհեստական ընդհատումը 12-րդ շաբաթից հետո՝ սեռի ընտրության պատճառով, խնդիրը լիովին չի լուծվել, ինչը հանգեցրել է ոչ անվտանգ եղանակների և նորածինների գենդերային հավասարակշռության խախտման:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին Առողջապահության նախարարությունում, վերջին 30 տարում Հայաստանում մոտ 80 հազար աղջիկ չի ծնվել՝ սելեկտիվ աբորտների պրակտիկայի տարածման պատճառով: