
Արմինֆո. "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանը Երևանի օրվան ընդառաջ նոր ուղերձն է հղել ԱԱԾ մեկուսարանից: Գործարարն այս անգամ անդրադարձել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում հարմարավետությանը, էկոլոգիային, զարգացմանը և ծրագրերի իրականացման ընթացքին:
Կարապետյանի պաշտպանության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Մենք բոլորս շատ ենք սիրում մեր Երևանը՝ անկախ բոլոր հանգամանքներից, սակայն խոստովանենք՝ այսօրվա Երևանը իր հարմարավետությամբ, էկոլոգիայով, զարգացման ընթացքով ու ծրագրերով չի համապատասխանում 10 միլիոն հայերի մայրաքաղաքի կարգավիճակին։
Չեմ ուզում հերթով թվարկել բոլոր խնդիրները. դրանք, ցավոք, շատ են՝ ճարտարապետական տխուր բազմաճաշակությունից մինչև մեծ այգիների բացակայություն, հազարամյակների պատմությամբ մայրաքաղաքին անհամապատասխան տուրիստական ենթակառուցվածքից միչև Երևանին արժանի զարգացման լայնածավալ իրագործված ծրագրերի բացակայություն։
Երևանի զարգացման գլխավոր ու ամեն օր խոսվող ցուցանիշը չպետք է լինեն ասֆալտի աշխատանքները ու ավտոբուս ձեռք բերելը#, դա իրական զարգացման հետ որևէ կապ չունի:
Իրավիճակը, իհարկե, անհույս չէ. «Մեր ձևով» շարժումը շուտով բազմազան լուծումներ կառաջարկի տարբեր խնդիրների համար։ Երևանը պետք է դառնա տարածաշրջանի կրթական և առողջապահական կենտրոն: Հայտնի լինի տարածաշրջանում իր միջազգային համալսարաններով և բարձրակարգ բժշկությամբ:
Ուրբանիստիկայի ճշգրիտ հաշվարկների և մեծ ներդրումների շնորհիվ Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք։
Կմշակվի շենքերի բակերի և ֆասադների պլանավորված վերափոխման ծրագիր միջազգային լավագույն փորձով. մեր շատ բակեր մեզ հիշեցնում են տխուր 90-ականները, չնայած որ դրսում 21-րդ դարն է:
Տրանսպորտի հասանելիությունը և մատչելիությունը կապահովի ավելի դինամիկ շարժ մեր քաղաքին:
Նաև կառաջարկենք մեծ ներդրումային ծրագրեր քաղաքի բնակարանային ֆոնդի թարմացման և 21-րդ դարին համապատասխանեցման համար:
Անելու ենք այնպես, որ Երևանից ստացվող նորությունները հիմնականում վերաբերեն ոչ թե հերթական կրպակի քանդմանը, այլ զարգացման առումով նոր նվաճումներին, նոր իրագործված խոշոր ծրագրերին՝ աշխարհի լավագույն մայրաքաղաքաների օրինակով։ Անելու ենք՝ Մեր ձևով»:
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն հայտնելուց
հետո: Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահին: Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Բացի այդ, հուլիսին Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացման համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ Օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Կարապետյանի կալանքը: