


Արմինֆո.Հռիփսիմե Հունանյանն ընտրվել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ։ Դա պարզ է դարձել հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում։
Ինչպես նշել է ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը, 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 61 պատգամավոր: Թեկնածության հաստատման օգտին քվեարկել է 61 պատգամավոր: Այսպիսով, Հռիփսիմե Հունանյանը դարձել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ։
Ավելի վաղ, շնորհակալություն հայտնելով "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար, հանձնաժողովի նորընտիր նախագահն իր ելույթում անդրադարձել էր առողջապահության ոլորտում առկա որոշ խնդիրների ու բացերի, ինչպես նաև ներկայացրել իր աշխատանքային ուղին: "Չնայած առկա խնդիրներին՝ մենք չպետք է տեղում կանգնենք, այլ պետք է քայլ առ քայլ բարելավենք մեր առողջապահությունը, պետք է ձևավորենք նոր մշակույթ առողջապահության ոլորտում, որը առողջության պահպանման հիմնական օղակն է", - նշել էր թեկնածուն: Հռիփսիմե Հունանյանը ներկայացրել էր նաև առողջապահության ոլորտի վերջին տարիների բարեփոխումներն ու առկա խնդիրները: Անդրադառնալով համալիր բժշկական ապահովագրության ներդրման հարցին ՝ նա նշել էր, որ համապատասխան օրինագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ, իսկ հանձնաժողովը կկազմակերպի խորհրդարանական լսումներ և աշխատանքային քննարկումներ:



