


Արմինֆո. Չնայած Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին և ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում առաջընթաց չկա։ Այդ մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով, երբ 2018-2020 թվականներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի հանրությանը մոլորության մեջ գցելով պնդում էր, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ բանակցություններ չեն ընթանում, կողմերը հանդիպում են միայն միմյանց հասկանալու համար: "Հիմա նա ուզում է ստորագրել մի փաստաթուղթ, որի շուրջ տարաձայնություններ կան. Փաշինյանն ասում է մի բան, Ալիևն ուզում է մեկ այլ բան, Թրամփի մտքում բոլորովին այլ բան է ՝ նկատի ունենալով ճանապարհի կառուցումը, որը 99 տարով կանցնի իրենց կոնցեսիային։ Հարց է առաջանում․ եթե բանակցություններ չեն ընթացել, ինչու՞ են գլխապատառ սսլացել ԱՄՆ և ստորագրել այդ փաստաթղթերը։ Իշխանությունների պնդումները, թե խաղաղություն է հաստատվել, կեղծ են, ոչ մի խաղաղություն չկա և չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանն օկուպացիայի տակ կպահի Հայաստանի տարածքի մի մասը", - ասել է քաղաքական գործիչը։ Նա հավելել է, որ Ադրբեջանի կողմից մշտական պահանջների և նրա սպառնալիքների ֆոնին խաղաղության մասին խոսելը թեթևամտություն է:
Ընդդիմադիրն անդրադարձել է նաև Արցախից փախստականների իրավունքներին։ Նրա խոսքով՝ նրանց ճակատագիրը Փաշինյանը չպետք է որոշի, քանի որ ղարաբաղցիները Հայաստանի կառավարության ղեկավարին համապատասխան լիազորություններով չեն օժտել։



