
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի սերվերները "պռախադնոյ դվոռ"են։ Այդ մասին հոկտեմբերի 1-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ մեկնաբանելով ՀՀ կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված "Կիբեռանվտանգության մասին" օրենքի նախագիծը։
Պատգամավորը հիշեցրել է, որ ԱԺ միջանցքներում տեղադրված են տեսախցիկներ, որոնք արձանագրում են խորհրդարանականների յուրաքանչյուր շարժում: Տեսախցիկների տվյալները փոխանցվում են խորհրդարանի սերվերներին։ Այդ առնչությամբ Մանուկյանը հիշեցրել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին առնչվող դեպքը, ում մասնակցությամբ միջադեպն ուղղվել էր գլխավոր սերվերին, որի վրա, իբր, հաքերային հարձակում էր իրականացվել, եւ ընդամենը երեք ժամ անց այդ միջադեպը հայտնվել էր կայքերից մեկում։ Պատգամավորն ընդգծել է, որ ժամանակին Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը նման դեպքերում անմիջապես համապատասխան քայլեր էր ձեռնարկում, սակայն վերջին շրջանում գործակալության գործունեությանը շատ քիչ ժամանակ է հատկացվում, դրա տվյալներն անտեսում է անգամ ՆԳՆ-ը:
Ընդդիմադիրը նաև նշել է, որ նման տեսախցիկներ տեղադրված են նաև օդանավակայաններում, որոնց ծառայություններից օգտվում են նաև ԱԺ պատգամավորները: Օդանավակայանների սերվերները վերահսկում է ԱԱԾ-ը։ "Եվ հանկարծ նույն կայքում հայտնվում է հաղորդագրություն, որ Գեղամ Մանուկյանը մեկնել է Մոսկվա։ Մազերս չեն ճերմակում, բայց կյանքիս կեսն անցել է ԱԱԾ, Պետական պահպանության ծառայություն, ԱԺ աշխատակազմ մշտական հարցումներից, թե ինչպես են այդ տեսանյութերը հայտնվում այդ կայքում։ Ի պատասխան՝ լիակատար լռություն", - նշել է Մանուկյանը, հիշեցնելով, որ նշված կայքը պատկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։
Պատգամավորը, կարեւորելով ներկայացված փաստաթուղթը, նշել է քաղաքացիների անձնական տվյալների անվտանգության երաշխավորված ապահովման անհրաժեշտությունը ' նման իրավիճակները բացառելու նպատակով:
Նշենք, որ, օրինագծի համաձայն, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի նպատակով Հայաստանում կստեղծվի հատուկ ինքնավար մարմին: Ներկայացնելով փաստաթուղթը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ փաթեթի նպատակն է իրավական հիմք ստեղծել տեղեկատվական համակարգերն ու կարևորագույն ենթակառուցվածքները, ներառյալ էներգետիկան, տրանսպորտը և ֆինանսական հատվածը կիբեռսպառնալիքներից պաշտպանելու համար: Նոր պետական ինքնավար մարմինը կիրականացնի մշտադիտարկում, կգնահատի ռիսկերը և կհամակարգի միջադեպերին արձագանքելու միջոցառումները: Կարգավորման ոլորտն ընդգրկում է կենսական նշանակության ծառայությունների մատուցման համար օգտագործվող տեղեկատվական համակարգերի եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների անխափան գործունեության, մշակվող, տարածվող, պահպանվող, փոխանցվող տեղեկատվության մատչելիության, ամբողջականության, գաղտնիության ապահովման, կիբեռհանցագործությունների մասին ծանուցման, դրանց կանխարգելման եւ թույլտվության, կիբեռանվտանգության ծառայություններ մատուցողներին ներկայացվող պահանջների, ինչպես նաեւ սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացմանն առնչվող հարաբերություններ:
Օրինագիծը հստակեցնում է կիբեռանվտանգության բնագավառում պետական քաղաքականությունը մշակող մարմնի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, եւ կիբեռանվտանգության բնագավառում քաղաքականության իրականացումն ապահովող մարմնի ՝ ի դեմս ինքնավար մարմնի, ինչպես նաեւ նշված ոլորտում այլ իրավասու պետական մարմինների լիազորությունները: Փաթեթի ընդունումն իրավական հիմք կստեղծի կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականության և գործողությունների ծրագրի մշակման, կիբեռանվտանգության մարտահրավերների և ռիսկերի գույքագրման, դրանց դասակարգման և կիբեռհետապնդումներին արձագանքման սկզբունքների մշակման, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության պայմաններում կիբեռանվտանգության ամրապնդման, դերերի և պատասխանատվության հստակեցման, կիբեռհետազոտությունների պլանավորման և անցկացման, հասարակության լայն շերտերի իրազեկվածության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար:
Պետական տեղեկատվական համակարգի անվտանգության ապահովման նպատակով ինքնավար մարմնին վերապահվելու են պետական տեղեկատվական համակարգերի օգտագործման հնարավորության և տվյալների փոխանակման մակարդակի (x - road) սահմանափակման գործառույթներ: Այդ համակարգերը ստեղծվում և ձևավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվին, կարևորագույն ենթակառուցվածքներ են, պարունակում են անվտանգության բաղադրիչ և ուղղված են բնակչությանը անխափան, անվտանգ և որակյալ ծառայություններ մատուցելուն: Նշված գործառույթն իրականացնելու համար մարմինը պետք է ունենա հստակ օրենսդրական դրույթներ և լիազորող նորմատիվ բազա: Հարկ է նշել, որ օրինագծի ընդունմամբ ինքնավար մարմնի համապատասխան պաշտոնների և աշխատակիցների ամբողջական համալրման արդյունքում աշխատանքի վարձատրության և սոցիալական ապահովության տարեկան ընդհանուր ծավալը կկազմի 4-6 մլրդ դրամ: Ծախսերը հաշվարկելիս հաշվի է առնվել այն փաստը, որ մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցների վարձատրությունը բարձր է շուկայում, և այդ թիմերը կկազմեն մարմնի անձնակազմի հիմնական մասը: