


Արմինֆո.Սույն թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի է ունեցել հանդիպում մարզային ԲՈՒՀ-երի ներկայացուցիչների հետ։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժինը, հանդիպման ընթացքում ինստիտուտի կողմից շուրջ 100 անուն գիրք նվիրաբերվեց Շիրակի, Գավառի, Վանաձորի և Իջևանի պետական համալսարաններին, ինչպես նաև «Կաճառ» գիտական կենտրոնին։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը նշել է, որ նախաձեռնության նպատակն է նպաստել մարզային համալսարանների զարգացմանը, հաստատել նոր կապեր, իրականացնել համատեղ աշխատանքներ, ծրագրեր, կազմակերպել դասախոսություններ։ «Այս աշխատանքը պետք է շարունակական լինի։
Նմանատիպ համագործակցություն ունենք Երևանի պետական համալսարանի, Ռուս-Հայկական համալսարանի, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հետ։ Եվ մեզ համար ռազմավարական քայլ է ընդլայնել այս համագործակցությունը՝ ընդգրկելով մարզային համալսարանները», - ասել է Գոհար Իսկանդարյանը։
Քննարկվել է գիտական ոլորտում հետագա համագործակցության խորացման հեռանկարները։ Մարզային ԲՈՒՀ-երի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել՝ ընդգծելով ակադեմիական ինստիտուտի հետ համագործակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը։



