


Արմինֆո. Սեպտեմբերի 29-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ։
Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործընկերության ընդլայնման հնարավորություններն՝ ընդծելով առավել հավակնոտ օրակարգի ձևավորման հարցում առկա հետաքրքրությունը։
Գոհունակությամբ նշվել են ՆԱՏՕ անդամ երկրների դեսպանների՝ վերջերս Երևան կատարված այցը, ինչպես նաև ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություններին։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղաղության հաստատման գործում վաշինգտոնյան համաձայնությունների կարևորության և «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի իրականացման շուրջ:
Նույն օրն Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաեւ Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության խորացման նոր հնարավորությունները՝ երկկողմ քաղաքական երկխոսության դինամիկային և ընդհանուր արժեքների վրա կառուցված բարեկամությանը համահունչ։
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային՝ Հայաստանի ժողովրդավարական օրակարգին, դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաև ԵՄ հետ փոխգործակցության խորացմանը ցուցաբերած աջակցության համար: Անդրադարձ է կատարվել ԵՄ հարթակում առաջիկա շփումներին, ոլորտային ուղղություններով համագործակցության խթանման առկա մեխանիզմներին։
Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Լիտվայի նախարարը ողջունել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, այդ թվում՝ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է համաձայնեցված հիմնարար սկզբունքների ներքո հաղորդակցությունների բացման միջոցով տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմամբ ընձեռնվող հնարավորությունները։



