
Արմինֆո. Մերձավանում առերևույթ սպանություն կատարած անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այդ մասին սոցցանցում հաղորդել է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը սպանվել է սեպտեմբերի 23-ին ՝ իր տան բակում: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Հայաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 23-ին, ժամը 23.52-ին ՆԳՆ Ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում կրակոցներ են հնչել:
«Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով:
Վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:
Նախաքննության ընթացքում քննչական գործողությունների արդյունքում սպորտային պայուսակի մեջ հայտնաբերվել է նաև մարզասրահի այցեքարտ, որն ուղարկվել է հետաքննություն իրականացնող մարմին: Պարզվել է, որ այցեքարտը պատկանում է սպանություն կատարած անձին:
Շարունակելով ՆԳՆ աշխատակիցների կողմից հանցագործության ամբողջական բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ պարզվել և բացահայտվել է նաև առերևույթ սպանություն կատարած՝ խմբի մյուս անդամ հանդիսացող անձի ինքնությունը, ով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին:
Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ և մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը: Քննիչի կողմից առգրավվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը:
Սպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (սպանությունը), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)», - ասվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Վոլոդյա Գրիգորյանը Փարաքար համայնքի ղեկավար էր ընտրվել ընդդիմադիր "Միասնություն" դաշինքից ("Ապրելու երկիր" և "Հաղթանակ" կուսակցություններ)՝ 2025 թվականի մարտի տեղական ընտրություններում ։ Քվեարկության արդյունքում նա հավաքել էր 6508 ձայն ՝ ստանալով ընտրողների 57 տոկոսի աջակցությունը։
Հիշեցնենք, որ 7 ամիս առաջ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան գյուղի գյուղապետ Մհեր Ախտոյանի տան վրա զինված հարձակման հետևանքով զոհվել էր Ախթոյանի հորեղբոր որդին ՝ Գրիգոր Օհանյանը, ևս մեկ մարդ վիրավորվել էր: Այն
ժամանակ որպես կասկածյալ ձերբակալվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը, ով գտնվում է տնային կալանքի տակ։