


Արմինֆո.2 տարի առաջ այս օրը, Արցախի դեմ ադրբեջանական հարձակման ու բռնի տեղահանման օրերին, ևս մեկ ողբերգություն արձանագրվեց` ՊԲ վառելիքաքսուքային պահեստը պայթեց, որի հետևանքով 200-ից ավելի մարդ մահացավ, շուրջ 2 տասնյակը մինչև հիմա անհետ կորած են համարվում:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ուշադրություն հրավիրելով 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի օրերին տեղի ունեցած պայթյունի շուրջ պահպանվող լռության և դեռևս չբացահայտված մանրամասների վրա ։
«Այս պայթյունի հետ կապված տարբեր վարկածներ շրջանառվեցին` ադրբեջանական հարվածից, ահաբեկչությունից մինչև անվտանգության կանոնների խախտում, սակայն մինչ այժմ այս թեմայի հետ կապված որևէ պարզաբանում, հստակեցում, առավել ևս` պատասխանատուների շրջանակ չկա:
Նախադեպը չունեցող ողբերգություն է տեղի ունեցել, հարյուրավոր մարդիկ են զոհվել, սակայն քննությունը մինչև հիմա արդյունք չի տվել և հիմնական հարցերի պատասխանը չկա` ի՞նչ է տեղի ունեցել իրականում և ո՞վ/ովքե՞ր են սրա համար պատասխան տալու:
Մինչև հիմա լուռ է ՊԲ այդ ժամանակվա հրամանատար Կամո Վարդանյանը և մինչ օրս որևէ հրապարակային խոսք չի հնչեցրել 2023 թվականի սեպտեմբերյան հարձակումների, արցախցիների բռնի տեղահանության և ՊԲ ենթակայությամբ օբյեկտի պայթյունի ու հարյուրավոր զոհերի մասին», - գրել է պատգամավորը



