
Արմինֆո. Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը դատապարտում է կոլաբորացիոն կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի «4-րդ հանրապետություն» հիմնելու վերաբերյալ հայտարարությունները։ Այդ մասին ասվում է ԱԺԲ-ից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում։
«Բոլշևիկյան լավագույն ավանդույթների համաձայն՝ նեո-բոլշևիկյան Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության համագումարին կատարված հայտարարությունները նախորդ 7 տարիների ընթացքում բազմաթիվ պատերազմներ բերած և անխտիր բոլորում պարտված աղետաբեր խմբակի համար փորձ է ամեն ինչ նոր էջից սկսելու և իշխանության բռնազավթումը Հայաստանում շարունակելու համար։ Ինչպես բազմիցս նշել ենք նախկինում, այդ նոր էջը ենթադրում է նոր հայ ժողովուրդ՝ զուրկ հայկական էության համար անհրաժեշտ հիշողությունից, ազգային արժեքներից և արժանապատվությունից։
Այս հրեշավոր ծրագրի իրագործման կարևոր հանգամանք է 2026 թ.-ի ընտրություններին հասնելը առանց հայկական քաղաքական դաշտում ազգային ուժերի գոյության։ Ազգային-Ժողովրդավարական Բևեռի վերջին շրջանի շոշափելի հաջողությունները ԱՄՆ-ում և Եվրոպայում իրականացվող լոբբինգի ուղղությամբ, մեր լոբբինգի ֆինանսավորման բազմապատիկ աճը և դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության, Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանությանն ուղղված կարևոր նախաձեռնությունները չէին կարող չանհանգստացնել գործող կոլաբորացիոն ռեժիմին։ Միաժամանակ, Երևանում Բևեռի խորհրդի մասնակցությունը ազգային գաղափարներին չդավաճանող անհատների և կազմակերպությունների հետ Կլոր սեղան-քննարկումներին, որոնց արդյունքում առաջանում են միասնական օրակարգով դիմադրության հնարավորություններ, է՛լ ավելի են հունից հանում թշնամուն։
Որպես արձագանք՝ Հայաստանը բռնազավթած համակարգը ակտիվացրել է իր հին ու նոր փողոցային ակտիվիստ-սադրիչներին, յութուբյան հարթակում Հայաստանը բազմիցս ազատագրած «հագած-շպարված ինքնակոչ հրամանատարներին», որի նպատակն է արժանապատվությանը հասցված վիրավորանքներով ֆիզիկական պատասխան հրահրելն ու ձերբակալություններ իրականացնելը՝ Բևեռին իր քաղաքական առաքելությունից շեղելու և որպես «քրեական հանցագործների» համախումբ ներկայացնելու համար։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը, վստահելով իր գաղափարակիցների և հետևորդների բարձր գիտակցությանը, այնուամենայնիվ ավելորդ չի համարում նախազգուշացնել՝ չներքաշվել ռեժիմի սադրանքների մեջ, պահպանել սառնասրտություն և միշտ հիշել, թե ինչպիսի զոհողությունների գնով ենք Հայաստանում ու երկրից դուրս շարունակում մեր առաքելությունը ի նպաստ մեր ժողովրդի։ Առկա հարձակումներն իրենց բնույթով նորություն չեն. երկար տարիներ Բևեռը ենթարկվել է նման հարձակումների և շարունակելու է իր պայքարը ի հեճուկս դրանց պատվիրատուների ու կատարողների։
Առաջիկայում կիրազեկենք թե՛ ներսի, թե՛ դրսի օրակարգերում տեղի ունեցող առաջընթացների մասին», - ասվում է ԱԺԲ խորհրդի հայտարությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության 7-րդ համագումարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի "չորրորդ հանրապետության" ստեղծումը կառավարող կուսակցության մոտակա ռազմավարական
խնդիրն է՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերընտրվելու դեպքում, որից հետո ՔՊ մտադիր է համաժողովրդական հանրաքվեի միջոցով նախաձեռնել Հայաստանի նոր սահմանադրության ընդունման գործընթաց: