
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հնարավորությունը:
«Հաճախ հարց է բարձրացվում, թե որքանով է իրատեսական կամ անիրատեսական Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, բայց ինչ են ասում կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը: Մեր խնդիրն է հասնել Եվրոպական միության չափորոշիչներին բոլոր ոլորտներում։ Մենք հասկանում ենք, որ, նույնիսկ, դրանից հետո մենք կարող ենք չդառնալ ԵՄ անդամ, բայց մեր գլխավոր խնդիրն է համապատասխանել ԵՄ չափորոշիչներին, որովհետեւ, երբ մենք հասնենք դրան, անկախ այն բանից մեզ կընդունեն, թե՝ ոչ, դա կլինի մեր արդյունքը, բայց մենք կլուծենք մեր խնդիրը, կլուծենք մեր չափորոշիչների հարցը", - սեպտեմբերի 23-ին հայտարարել է վարչապետը՝ "ժողովրդավարության հայկական ֆորումում":
Ինչպես նշել է Փաշինյանը, շատերը դա ընկալում են որպես աշխարհաքաղաքականություն։ "Ես հասկանում եմ նման դիրքորոշումը, բայց ոչ ոք չի արձանագրում, թե քաղաքական մեծամասնությունն ինչ որոշում է կայացրել։ Դա հաջորդ քայլն է․ ժողովրդավարական բարեփոխումների հանձնառության մասին հռչակագիր եւ հայտարարություն։ Այլաապես, նման օրենքի ընդունումն անիմաստ կլիներ", - նշել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը մարտի 26-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է "Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին" օրենքի նախագիծը, որը նախագահի կողմից ստորագրվել է ապրիլի 4-ին: Փաստաթուղթը մշակվել է "ԵվրաՔվե" քաղաքացիական նախաձեռնության կողմից, որը կազմակերպել էր 60 հազար քաղաքացիների ստորագրահավաք՝ անհրաժեշտ 50 հազարի դիմաց: Այսպիսով, նախաձեռնությունն իրավունք էր ստացել մշակել մի փաստաթուղթ, որն օրենքով սահմանված կարգով ներկայացվել էր երկրի խորհրդարան: Ընդդիմադիր խմբակցությունները դեմ էին արտահայտվել այդ նախաձեռնությանը, համարելով, որ այն դեկլարատիվ բնույթ է կրում։ Ընդդիմադիր "Հայաստան" խմբակցությունը չիասնակցեց քվեարկությանը, իսկ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" ծմբակցությունը դեմ է քվեարկել օրինագծի ընդունմանը: Իշխանություններն՝ իրենք, ավելի վաղ նշել էին, որ փաստաթղթի ընդունումը չի նշանակում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հայտ ներկայացնել։ Այն, ընդամենը, կդառնա հերթական քայլը ԵՄ-ի հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհին։