
Արմինֆո. Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են Հայաստանի պետականությունը ամբողջությամբ կախման մեջ գցել, հնարավորության դեպքում՝ լիարժեք կլանել (այո, ըստ էության՝ բռնակցնել իրենց, ինչպես արեցին Արցախի հետ)։ «Ֆեյսբուքի» իր էջում նման կարծիք է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի իրական մտադրություններին:
«Հայաստանի հետ խաղաղ գոյության ու հարևանության մասին որևէ լուրջ մտադրություն չկա ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Թուրքիայում։ Հակառակը պնդում են, ավելի ճիշտ քարոզում են միայն իրենք ու իրենց սպասարկուները։
Այս պահին Թուրքիան և Ադրբեջանը ունեն բացառիկ ազդեցության Հայաստանում իշխող վարչախմբի վրա, որի արդյունքում Հայաստանում տեղի ունեցող իբր «բարեփոխումները» (կրթություն, բանակ, խորհրդանիշներ և այլն) փաստացի կոչված են թուլացնելու արդեն իսկ խոցված մեր պետությունը և նպաստելու առաջին կետի իրացմանը։
Իշխող վարչախմբի շահը միայն մեկն է՝ պահել իշխանությունը, թեկուզ՝ Թուրքիայից լիարժեք կախյալ իշխանությունը։ Սուտը, մանիպուլիացիան և արդյունաբերական մասշտաբների քարոզչությունը պետք է ապահովի այս նպատակի իրականացումը մինչև ընտրություններ։
Հետևաբար, «Չորրորդ հանրապետություն» կեղծ օրակարգը ոչ թե ուրիշ Հայաստան ստեղծելու համար է, այլ մեզանից Թուրքիայի նահանգ՝ վիլայեթ սարքելու։ Այսինքն ոչ թե լինելու է ազգայինից հեռու կամ կոսմոպոլիտ Հայաստան, այլ հայկական պետություն ուղղակի չի լինելու։
Ուստի, որևէ քննարկում այս թեմայով իմաստ չունի։ Հայաստանն ունի բացահայտ երկու թշնամի՝ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք մեր շուրջ տեղի ունեցող բոլոր գործընթացների հիմնական շարժիչներն են։ Ցանկացած շեղում այս երկու թշնամիներին իրական զսպելու թեմայից կեղծ օրակարգ է։ Կեղծ ու կործանարար։
Հ.Գ. Հնարավո՞ր է արդյոք զսպել մեր թշնամիներին։ Այո՛։ Դա գիտեն նաև Անկարայում ու Բաքվում։ Մնում է մենք հասկանանք, որ մենք բավականաչափ ուժեղ ենք», - գրել է Վարուժան Գեղամյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության 7-րդ համագումարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի "չորրորդ հանրապետության" ստեղծումն իշխող կուսակցության մոտակա ռազմավարական խնդիրն է՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերընտրվելու դեպքում: Նրա խոսքով՝ 2026 թվականի ընտրություններում ժողովրդի ձայները ստանալուց հետո կառավարող կուսակցությունը մտադիր է համաժողովրդական հանրաքվեի միջոցով նախաձեռնել Հայաստանի նոր սահմանադրության ընդունման գործընթաց: Մինչդեռ, անկախ փորձագետները հակված են կարծելու, որ նման քայլը ցույց է, որ Հայաստանը պատրաստ է կատարել Թուրքիայի և Ադրբեջանի հերթական պահանջը: