
Արմինֆո. Հայաստանը մշտապես ձգտում է կառուցողական երկխոսության, տարածաշրջանային համագործակցության և երկարաժամկետ լուծումների, որոնք ճանապարհ են հարթում դեպի բարգավաճում և հաշտեցում: Այդ մասին "Կոնկորդիա" համաժողովում հայտարարել է աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես ասել է․ «Հարավային Կովկասի փոթորկալից տարածաշրջանում գտնվող, համեմատաբար փոքր, բայց ժողովրդավարական ձգտումներով Հայաստանը երկար տարիներ հաղթահարել է բազմազան մարտահրավերներ՝ երբեք չհրաժարվելով իր ժողովրդի համար` զարգացած ու բարեկեցիկ պետություն կառուցելու տեսլականից։ Չնայած հակամարտություններով ու տնտեսական դժվարություններով լի անցյալին՝ մեր երիտասարդ պետությունը մշտապես դրսևորել է տոկունություն ու ուժ, մնացել է հավատարիմ խաղաղության, կայունության և ավելի լավ ապագայի կառուցման հանդեպ հանձնառությանը։ Մենք շարունակաբար ձգտել ենք կառուցողական երկխոսության, տարածաշրջանային համագործակցության և երկարաժամկետ լուծումների, որոնք ճանապարհ են հարթում բարեկեցության ու հաշտության համար»։
Նա հիշեցրել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածությամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև գրանցվել է պատմական նշանակություն ունեցող ձեռքբերում, որը մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան է խոստանում։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր նախաստորագրվեց, իսկ Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները ընդունեցին համատեղ հռչակագիր։ Սա աննախադեպ առաջընթաց էր տարածաշրջանային հարաբերությունների վերաիմաստավորման ուղղությամբ:
Այդ հռչակագրի համաձայն՝ Հայաստանը և ԱՄՆ-ն միասին կաշխատեն իրականացնել «Թրամփի ուղին` հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության», որը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առանցքային բաղադրիչն է։ Վերջինս նախատեսում է տարածաշրջանում հաղորդակցության բարդ ճանապարհների կառուցում և վերականգնում՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության վրա։
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև կապի ոլորտում ներդրումների, էներգետիկ անվտանգության և Հայաստանի կիսահաղորդչային արտադրության ընդլայնման վերաբերյալ հետագա պայմանավորվածությունները կդառնան մեր փոխշահավետ համագործակցության առանցքը ԱՄՆ-ի հետ։ Միևնույն ժամանակ, ամերիկյան մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը կխթանի մեր տնտեսությունը և կայունությունը։
Բաց սահմանները, առևտրի դիվերսիֆիկացումը, միջազգային տրանսպորտային ու էներգետիկ այլընտրանքային ուղիները կխթանեն երկարաժամկետ տնտեսական աճը՝ Հարավային Կովկասը փոխակերպելով հակասությունների տարածաշրջանից կայուն ու բարեկեցիկ տարածաշրջանային և գլոբալ տրանսպորտային և հաղորդակցական հանգույցի։
Սա այն տեսլականն է ու նպատակը, որին մենք հաստատակամորեն հետևում ենք», - ընդգծել է ՀՀ նախագահը։
Նա նաեւ հաղորդել է, որ արտաքին քաղաքականության շրջանակում մեծապես բարձրացվել է միջազգային համայնքի հետ ներգրավվածության մակարդակը և վերականգնվել են հարաբերությունները ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հիմնական գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպական միության, Հնդկաստանի և այլոց։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2026-ին Հայաստանը կհյուրընկալի երկու կարևոր միջազգային միջոցառումներ՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովը (COP17) և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Այս նախաձեռնությունները Հայաստանի երկարաժամկետ ռազմավարության մի մասն են՝ միջազգային ասպարեզում ավելի առանցքային դեր ստանձնելու և մեր սեփական յուրահատուկ ներդրումը կատարելու մեր ընդհանուր նպատակների առաջմղման գործում։ Ակնհայտ է դառնում, որ համընդհանուր խնդիրները, ինչպիսիք են կլիմայական փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը, էներգետիկ ռեսուրսների սակավությունը և անկանխատեսելի քաղաքական միջավայրը պահանջում են համատեղ արձագանք, և մենք պատրաստ ենք ակտիվորեն համագործակցել մեր բոլոր գործընկերների հետ՝ այս խնդիրները հաղթահարելու և բոլորիս օգտին լուծումներ գտնելու համար։
Սրան հասնելու համար անհրաժեշտ է կայուն և ապագային ուղղված տնտեսություն, որը ունակ կլինի դիմակայելու գալիք մարտահրավերներին։ Այսօր Հայաստանը որդեգրել է կայուն զարգացման ուղի՝ օգտվելով իր ժողովրդի գիտական և նորարարական ներուժից։ Բիզնեսի համար բարենպաստ միջավայրը, որն ապահովում է բարձր տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտի աճը, ստեղծել է բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ ներգրավելու միջազգային առաջատար ընկերությունների` NVIDIA-ի, AMD-ի և այլ միջազգային հսկաների կողմից ուղղակի օտարերկրյա մեծածավալ ներդրումները։ Հայաստանի կառավարության աջակցությունը դրամաշնորհների, հարկային արտոնությունների և ազատ տնտեսական գոտիների միջոցով, նպաստել է այս ոլորտի արագ աճին՝ Հայաստանը վերածելով տարածաշրջանային առաջատարի և հաստատելով մեր կերպարը՝ որպես ապագային միտված երկրի։ Հայաստանը լիովին ընդունում է թվայնացման և արհեստական բանականության դարաշրջանը, սակայն մեծ կարևորություն է տալիս այդ գործընթացի պատասխանատու կերպով իրականացմանը` հատուկ ուշադրություն դարձնելով կայունությանը, անվտանգությանը և համապարփակությանը։
Բացի դրանից, Հայաստանի ընդհանուր տնտեսությունը վերջին 7 տարիներին գրանցել է նշանակալի առաջընթաց՝ աճելով ավելի քան 43 տոկոսով։ Սա բացառիկ ցուցանիշ է, որը վկայում է մեր մրցունակության մասին: Այս ամենը հնարավոր չէր լինի առանց մեր երկրի ժողովրդավարական հիմքերի, որոնք ապացուցել են իրենց տոկունությունը: Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված հաջող միջոցառումները, ֆինանսական թափանցիկությունը, արդիականացված հարկային մեխանիզմները, ինչպես նաև օրենքի գերակայությունը, հիմնարար ազատություններն ու մարդու իրավունքները պահպանելու մեր հանձնառությունը վճռորոշ դեր են ունեցել մեր առաջընթացում:
Հարգելի ընկերներ, ցանկանում եմ կոչ անել ձեզ բոլորին ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանին՝ մի երկրի, որը, չնայած աշխարհագրական սահմանափակումներին և բազմազան մարտահրավերներին, փորձում է կառուցել իր հաջողության պատմությունը՝ հեռու նորարարության ավանդական կենտրոններից։ Հայաստանը բաց է բոլորի համար՝ միջազգային
գործընկերների և բիզնեսների, և պատրաստ ենք ողջունելու յուրաքանչյուրին, ով ցանկանում է մեզ հետ նոր հնարավորություններ բացահայտել», - եզրափակել է իր ելույթը ՀՀ նախագահը