


Արմինֆո.Շվեյցարահայ ռեժիսոր Վարսի Բուխմանը Հայաստանում կներկայացնի They Say We Have To Leave վավերագրական ինստալյացիան, որը նվիրված է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ոունեցած բռնի տեղահանությանը և էթնիկ զտմանը:
Երեք մասից բաղկացած ինստալյացիան ստեղծվել է 2023-2025 թթ.-ին Point de vue շվեյցարական ընկերության հետ գործակցությամբ և արտացոլում է ավելի քան 120,000 էթնիկ հայերի հարկադրված տեղահանման ողբերգական իրողությունը:
«Ես անդիմադրելի կարիք եմ զգում պատմել այս լռեցրած պատմությունը, լսելի դարձնել տեղահանված մարդկանց ձայնը: Ինստալյացիայի յուրաքանչյուր այցելուի աջակցությունն ու ապրումակցումը կնպաստի բոլորիս հավաքական տրավմայի հաղթահարմանը»,-ցուցադրությանն ընդառաջ նշել է ռեժիսոր Վարսի Բուխմաննը:
Ինչպես ասվում է ցուցադրության կազմակերպիչների հաղորդագրության մեջ, ինստալյացիան բաղկացած է երեք մասից։ Առաջին մասը ներկայացնում է 120 արցախցի կանանց պատմությունները: Նրանք իրենց լուռ ներկայությամբ պատմության մեջ մեկընդմիշտ դաջում են տեղի ունեցած սոսկալի անարդարությունը: Տեսողական պատումն ուղեկցվում է հարցազրույցներից հատվածներով, ինչը փոխանցում է կանանց հույզերն ու հիշողությունները:
Ինստալյացիայի երաժշտական հատվածը ձևավորել է ժամանակակից կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը: Ցուցադրության տարածքը կառուցված է երկար միջանցքի տեսքով՝ խորհրդանշելով Լաչինի միջանցքը, որով անցան Արցախից բռնի տեղահանվելիս:
Ցուցադրության երկրորդ մասում ներկայացվում է նավթը որպես համաշխարհային անտարբերության խորհրդանիշ, արդարության բերանը փակող գործիք: Նավթը համադրվում է այն մշակութային ժառանգությանը, որը թողեցին հայերն Արցախում՝ վանքեր, եկեղեցիներ, քրիստոնեական ժառանգության բացառիկ նմուշներ:
Ինստալյացիայի երրորդ հատվածում արցախցիների անձնական արխիվներից իրական կադրեր են, որոնք ցույց են տալիս կյանքը, սիրո և ավանդույթների միջավայրը՝ այցելուին վերադարձնելով անցյալ։
Ցուցադրությունները տեղի կունենան սեպտեմբերի 27-ին և 28-ին Latitude Art Space կենտրոնում (Աշտարակի խճուղի 7)՝ ժամը 14:00-ից մինչեւ 20:00-ը ներառյալ: Մուտքն ազատ է:



