
Արմինֆո. "Սրբապղծություն, զրոյական կարեկցանք, զոհերի հիշատակի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, սա թշնամական ռեժիմ է", - սեպտեմբերի 19-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ մեկնաբանելով ՀՀ իշխանությունների բացակայությունը "Եռաբլուր" զինվորական պանթեոնում, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա "Էլվինա Մակարյանի երգը օրվա գեղեցիկ սկիզբ է" գրառումը սոցիալական ցանցում ՝ արցախահայության բռնի տեղահանման օրը:
Նրա խոսքով, երբ Արցախում էթնիկ զտում ու ցեղասպանություն էին տեղի ունենում, Հայաստանում իշխանությունների նույն ուրախությունն ու զվարթ դեմքերն էին:
"Այդ մարդը (Նիկոլ Փաշինյանը) ամեն ինչ ասել է, որ գիտակցաբար գնացել է պատերազմի, իբր, հանուն անկախության ձեռք բերման ("Մենք ոչ թե կորցրեցինք Լեռնային Ղարաբաղը, այլ ձեռք բերեցինք Հայաստանի Հանրապետությունը", ավելի վաղ հայտարարել էր Փաշինյանը-խմբ.): Ի՞նչ գնով: Այսօր Եռաբլուրում և Հայաստանի գերեզմանոցներում հանգչում է հրաշալի սերունդ, և այդ մարդկանց համար դա միեւնույն է", - ասել է Գառնիկ Դանիելյանը:
Այն դիտարկմանը, թե պատերազմն օբյեկտիվորեն թուլացրել է Հայաստանը, եւ Հանրապետությունն ամեն գնով պետք է գնա "խաղաղության", ընդդիմադիր պատգամավորը հարցրել է. “Ո՞վ է թուլացրել այս երկիրը։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հանգեցրին դրան ։ Ասում են ՝ խաղաղություն կբերեն։ Արցախ էլ խաղաղություն բերեցին, այնտեղ հայ չմնաց։ Նման խաղաղությա՞ն ենք մենք ձգտում Հայաստանի համար։ Որպեսզի ՀՀ-ու՞մ էլ հայ չմնա ։ Ինձ նման խաղաղություն պետք չէ”:
Գառնիկ Դանիելյանը համոզված է, որ ոչ մի գիտակից մարդ չի ձգտում պատերազմի ։ “Այդ նրանք են բերում պատերազմ, աղետներ, վիշտ և դժբախտություն: Այդ նրանք են հրաժարվում մեր խորհրդանիշներից, նրանք են հրաժարվում են Ցեղասպանությունից, և նաև պատասխանատվությունը դնում են հայերի վրա, և նրանք են, որ ամեն օր գնում են զիջումների, նրանք ծնկի են իջնում և վերջ ՝ հանուն իրենց աթոռները պահելու, սեփական իշխանությունը վերարտադրելու", - ընդգծել է "Հայաստան" խմբակցության պատգամավորը։
Նույն նպատակով, ըստ Դանիելյանի, իշխանությունները շարունակում են վախեցնել և շանտաժի ենթարկել ժողովրդին պատերազմի սպառնալիքով ։ "Մինչդեռ, մարդը կենդանիներից տարբերվում է նրանով, որ հիշողություն ունի", - եզրափակել է ընդդիմադիր գործիչը: