
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը։ Նախագահը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելության մեկնարկի կապակցությամբ և հաջողություններ մաղթել։
Նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների զարգացումը։ «Վերջին տարիներին մեր համագործակցությունը նկատելիորեն ակտիվացել է, և դրա արդյունքում մեր երկկողմ փոխգործակցությունը հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի»,- նշել է Վահագն Խաչատուրյանը։ Այս համատեքստում նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում կողմերը կստորագրեն համապատասխան համաձայնագիրը։ ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, անդրադառնալով մեր երկրի զարգացման ուղուն՝ Հայաստանի նախագահը նշել է, որ անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանը հետևողականորեն պաշտպանել և զարգացրել է ժողովրդավարական սկզբունքները՝ մինչ օրս անցնելով բարդ և պատասխանատու ճանապարհ։ Դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել է. «Շնորհակալություն ընդունելության, ինչպես նաև իմ հավատարմագրերն ընդունելու համար։ Սա հիանալի ժամանակահատված է լինել Բրիտանիայի դեսպանը Հայաստանում։ Կարծում եմ՝ մեր հարաբերությունները վերջին տարիներին իսկապես բարելավվել են, և մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության վերածելու համաձայնությունը մեզ բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում միասին աշխատելու մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, և հատկապես՝ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վրա»։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին, մասնավորապես՝ կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաև համագործակցության նոր հեռանկարներ՝ բարձր տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ոլորտներում փոխգործակցության սերտացման ուղղությամբ։ Կողմերը մտքեր են փոխանակել Լոնդոն-Երևան ուղիղ ավիաչվերթների գործարկման հնարավորությունների շուրջ։ Կարևորվել է նաև խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների խորացման կարևոր բաղադրիչ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականին Հայաստանում նախատեսված կարևոր միջազգային միջոցառումներին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և Կենսաբազմազանության վերաբերյալ ՄԱԿ-ի Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP-17 of the Convention on Biological Diversity)։