
Արմինֆո. Պնդումները, թե, իբր, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ բանակցությունները ոչ այլ ինչ են, քան հարաբերությունների կարգավորման իմիտացիա, կեղծ են։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին ճեպազրույցում հայտարարել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նա հավաստիացրել է, որ բանակցություններն անցել են դրական մթնոլորտում, և Հայաստանի իշխանություններն ակնկալում են թուրք գործընկերների հետ հարաբերությունների հետագա զարգացում այն պայմանավորվածությունների հունով, որոնք ձեռք են բերվել այդ հանդիպումներում: "Մենք հույս ունենք, որ մեր պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, սակայն դա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել այս պահին այդ թեմայով։ Հանդիպման արդյունքների վերաբերյալ տարածված հայտարարության մեջ, ըստ էության, արտացոլվել է այն ամենը, ինչ ունենք այս պահին", - նշել է Հովհաննիսյանը։
Կառավարող խմբակցության քարտուղարը հավելել է, որ այս պահին այլ հարցերի մասով աշխատանքը շարունակվում են թուրքական վարչակազմի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, խոսքը երրորդ երկրների քաղաքացիների, դիվանագետների համար սահմանի բացման մասին է և այլն ։ "Մենք աշխատում ենք հենց այդ ուղղությամբ, և հանդիպման արդյունքների վերաբերյալ տարածված հաղորդագրությունն, ըստ էության, դրա մասին էր", - կրկնել է Հովհաննիսյանը:
Ընդ որում, նա հերքել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունն այն մասին, որ հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կստորագրվի 2026 թվականի առաջին կեսին։ Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք հիմնվում են բացառապես այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել Վաշինգտոնում՝ օգոստոսի 8-ին։ "Այս պահին ժամկետներ սահմանված չեն, և մենք շարունակում ենք մեր գործողություններն իրականացնել այն պայմանավորվածությունների և փաստաթղթերի հիման վրա, որոնք առկա են այս պահին։ Մնացած բոլոր հայտարարությունները ոչ մի կապ չունեն այդ գործընթացների հետ՝ այնքան ժամանակ, մինչև դրանք պաշտոնական դառնան", - եզրափակել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը Երեւան էր այցելել սեպտեմբերի 12-ին: Ընդ որում, նա եկել էր հայ - թուրքական ցամաքային փակ սահմանով։ "Մարգարա" անցակետում Սերդար Քըլըչին դիմավորել էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են արագացնել սահմանների հատման համաձայնագրի իրականացման գործընթացները, ներդնել բոլոր ջանքերը մշակութային և ակադեմիական ոլորտներում համագործակցության ամրապնդման համար: Բացի այդ, նրանք համաձայնության են եկել անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու համար, որպեսզի շահագրգիռ ընկերություններին հնարավորություն ընձեռվի 2026 թվականի ամռանից թռիչքներ իրականացնել տարբեր ուղղություններով, ինչը կավելացնի երկու երկրների միջև օդային երթուղիների և թռիչքների քանակը: Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակելու այս գործընթացը առանց նախապայմանների: