


Արմինֆո. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան:
Ինչպես հաղորդում է "Արմենպրես"-ը, հայ - թուրքական սահմանի Մարգարայի անցակետում Սերդար Քըլըչին դիմավորել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
Կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հաղորդել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ Ադրբեջանի հետ համակարգմամբ: Դրանից հետո Հայաստանն ու Թուրքիան կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ Անկարայի կողմից այդ պաշտոնը զբաղեցրել է ԱՄՆ - ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ Երևանի կողմից՝ խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Երեւանն ու Անկարան բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։
2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած բանակցությունների 4-րդ փուլի ընթացքում կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորություն և որոշել են անհրաժեշտ գործընթացներ սկսել այդ ուղղությամբ ։ Սակայն այդ պայմանավորվածությունն այդպես էլ մնացել է թղթի վրա։
Կողմերը նաև պայմանավորվել են հնարավորինս սեղմ ժամկետներում սկսել Հայաստանի և Թուրքիայի միջև բեռների ուղիղ ավիափոխադրումների իրականացումը և որոշում են կայացրել անհրաժեշտ գործընթացներ սկսել այդ ուղղությամբ: Ի վերջո, կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու իրենց պայմանավորվածությունը:



