


Արմինֆո.Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մեկնաբանել է այսօր ԱԺ-ի կողմից սկանդալային Արմեն Դանիելյանի ընտրվելը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:
«Վերաքննիչ քրեական դատարան բողոք գրող փաստաբաններս՝ նրանք, ովքեր գոնե մի քիչ հավատ ունեցող էին, բողոքը մուտքագրելիս միշտ աղոթում էին, որ գործը հանկարծ չմակագրվի Արմեն Դանիելյանին - Հայ ժողովրդի պատմության ամենա-ամենավատագույն դատավորին։ Եվ ահա նշված անձը քպ-ի գրեթե միաձայն որոշմամբ՝ ստացավ պաշտոնի բարձրացում - նշանակվեց Վճռաբեկի դատավոր։ Մեզ ու ձեզ մեծ ավետիս», - գրել է Մելիքյանը «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորները սեպտեմբերի 11-ին գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նոր դատավոր են ընտրել: Ընտրվել է Արմեն Դանիելյանը։ Նրա թեկնածությունը միաձայն պաշտպանել է 65 պատգամավոր։ Ընդդիմությունը բոյկոտել է քվեարկությունը։
Հավելենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այդ թափուր պաշտոնի համար առաջարկել էր երեք թեկնածու՝ Լուսինե Աբգարյան, Արմեն Դանիելյան և Նելլի Բաղդասարյան:



