
Արմինֆո. Ոչ մի միջանցք չի լինելու, խոսքը ճանապարհի մասին է։ Այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ՀՀ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, որ, այսպես կոչված "Զանգեզուրի միջանցքը մոտ ժամանակներս կդառնա Միջին միջանցքի եւս մեկ կարեւոր հատված"։
Ավելի վաղ Բաքվի առաջնորդ Իլհամ Ալիեւը ՇՀԿ գագաթնաժողովում իր ելույթում գովաբանել էր, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" հեռանկարները: «Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն միջազգային փոխադրումների տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը: Վստահ եմ, որ Զանգեզուրի միջանցքն առաջիկայում կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված, որը կամրապնդի խաղաղությունը, բազմակողմ գործընկերությունը և օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր մերձավոր և հեռավոր հարևաններին մեր սահմաններից դեպի արևելք, արևմուտք, հյուսիս և հարավ», - հայտարարել է Ալիևը:
"Միջանցք" անվանումով ոչինչ գոյություն չունի, խոսքը ճանապարհի մասին է։ Ոչ խաղաղության համաձայնագրում, ոչ էլ ստորագրված հռչակագրում միջանցքի մասին խոսք չկա", - ասել է իրանցի դիվանագետը։
Այն հարցին, թե ինչի է պատրաստ Թեհրանը, եթե Բաքուն, այնուամենայնիվ, փորձի բացել "միջանցքը", Մեհդի Սոբհանին պնդել է. "Ոչ մի "միջանցք " չի լինի: Բռնությամբ ոչնչի չես հասնի":
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են "խաղաղության մասին" յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր: Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կմիացնի Ադրբեջանը իր նախիջեւանյան էքսկլավին: TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, թարգմանաբար ՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ», Հայաստանի հարավում գտնվող 42 կմ ճանապարհ, որի կառավարումը 99 տարով կտան ԱՄՆ-ին), փորձագետների կարծիքով, կարող է էապես փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում:
Նշենք, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան վստահեցրել էր, որ Ադրբեջանի հետ առանցքային համաձայնություններից մեկը վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և բացառապես պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների շրջանակներում, ինչպես նաև փոխադարձության հիման վրա: «Գործնականում, դա նոր դռներ կբացի հայ-իրանական համագործակցության համար երկաթուղային փոխադրումների, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղու բացման գործում: Իրանը երկաթուղային հասանելիություն կստանա Պարսից ծոցից մինչև Սև ծով», - նշել էր Հայաստանի վարչապետը ։ Նիկոլ Փաշինյանը նաև վստահեցրել էրց, որ Հայաստանով հաղորդակցությունները գործելու են բացառապես ՀՀ իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է ինքը՝ Հայաստանը, այլ ոչ թե որևէ այլ երկիր: