
Արմինֆո. Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերությունների պրիզմայով։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի Հայաստան նախատեսվող այցին։
Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ այդ այցը հայ-թուրքական կարգավորման գործընթացում ինչ-որ առաջընթաց ձեւացնելու փորձ է: Աբրահամյանը կարծում է, որ Թուրքիան կփորձի ցույց տալ, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթացը թույլ կտա նրանց մեկ-երկու քայլ անել հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ: Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ավելի քան մեկ տարի չի իրագործվում երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման շուրջ պայմանավորվածությունը, եւ այժմ հնարավոր է, որ ինչ-որ քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ:
Այնուհետև, անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակմանը և Հայաստանով երթուղու բացմանը, ընդդիմադիրն արձանագրել է, որ ադրբեջանաթուրքական տանդեմն ամեն ինչ արել է այդ գործընթացում Հայաստանին առավելագույնս մեկուսացնելու համար:
"Ըստ էության, Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանի հետ ստորագրված հռչակագրով և "Թրամփի երթուղով" անտեսում են Հայաստանի տարածքով այլընտրանքային ճանապարհի առկայությունը։ Այսինքն, Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ արեցին, որպեսզի Հայաստանի տարածքով երթևեկությունը լինի նվազագույնը։ Այդպիսով՝ ողջ առևտուրը, մեծ հաշվով, իրականացվելու է իրենց տարածքում՝ բացառելով Հայաստանում արդեն գոյություն ունեցող երկաթուղու օգտագործումը", - ուշադրություն է հրավիրել պատգամավորը։
Այսպիսով, Աբրահամյանի խոսքով, հայտարարություններն այն մասին, որ ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Հայաստանի շահերից, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ խոսքը հայկական կողմին հասանելի նվազագույն հնարավորությունների մասին է:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպում: Կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հաղորդել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ Ադրբեջանի հետ համակարգմամբ