


Արմինֆո.Երևանի հասարակական տրանսպորտում հսկիչների աշխատանքի մեկնարկից ի վեր հաջողվել է հայտնաբերել 354 իրավախախտների: Սեպտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետարանի նիստում այդ մասին քաղաքապետին զեկուցել են քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության ներկայացուցիչները:
Ընդ որում, խախտողների ավելի քան 64%-ը կամ 227-ը անտոմս ուղեւորներ են, 48 ուղեւորներ ուղեվարձը վճարելիս օգտագործել են իրենց չպատկանող արտոնյալ քարտերը, եւ 79-ը ուղեվարձը վճարել են միայն հսկիչի կոչից հետո:
Այս ողջ ընթացքում, ինչպես նշել են նիստի ընթացքում, չեղարկվել է ընդամենը 5 տուգանք։ Տուգանքների կիրառման որոշումը բողոքարկելու համար, ըստ ծառայության պետի պաշտոնակատարի, գործում է Երևանի քաղաքապետարանի տեխնոլոգիաների կառավարման կենտրոնը, որը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում որոշել՝ իրականում ուղեվարձը վճարվել է, թե՝ ոչ:
Միաժամանակ, քաղաքապետին տեղեկացրել են, որ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ՝ ստուգումների մեկնարկից ի վեր, հասարակական տրանսպորտում կատարվել է շուրջ 17% - ով կամ 406 405-ով ավելի վավերացում, քան նախորդ ժամանակահատվածում:
Այդ առումով Տիգրան Ավինյանը նշել է ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը։ Հիշեցնենք, որ Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը չվճարելու համար նախատեսված է 3 հազար դրամ տուգանք, իսկ ուրիշի արտոնյալ քարտերից օգտվողների համար՝ 15 հազար դրամ:



