
Արմինֆո. ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանից պահանջել է տեղեկատվություն ներկայացնել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում և Հովհաննես Թումանյանի թանգարանում իրականացվող վերանորոգման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ երկու օբյեկտներում էլ աշխատանքներն այս պահին դադարեցված են "այնտեղ հայտնաբերված խայտառակ և անընդունելի տեսարանների պատճառով":
"Հանրապետական նշանակության հուշարձան լինելու կողքին, այս երկու կառույցներն էլ ողջ հայության համար նվիրական ու նշանային հասցեներ են․․․։
Մասնավորապես ակնկալում եմ ամբողջական տեղեկատվություն ստանալ հետևյալ հարցերի առնչությամբ։
1․ Ու՞մ կողմից և ինչպե՞ս է կազմակերպվել Հուշարձանների վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման մրցույթը։ Քանի՞ կազմակերպություն է մասնակցել մրցույթին։
2․Ինչպե՞ս և ի՞նչ չափանիշներով է ընտրվել այն կազմակերպությունը, որը պետք է վերանորոգման աշխատանքներ կատարեր։
3․Տվյալ մրցույթում հաղթած կազմակերպությունը պատմամշակութային, այն էլ՝ հանրապետական նշանակության հուշարձան նորոգելու փորձ և համապատասպան կարողություններ ունի՞։
4․Ինչպե՞ս են կազմակերպվել վերանորոգման նախագծային աշխատանքները, արդյոք գնահատվել են ռիսկերը, իրականացվե՞լ է հուշարձանի պատշաճ ուսումնասիրություն՝ կապված ընդգրկող մակերեսների, վերականգնման մեթոդների և նյութերի ընտրության առնչությամբ։
5․Իրականացվե՞լ է արդյոք շինարարության կազմակերպման նախագիծ՝ ներառելով բոլոր ուղղությունները։
6․Ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես պատվիրատու և Քաղաքաշինության կոմիտեն՝ որպես տեսչական լիազորություն ունեցող պետական լիազոր մարմին կամ՝ «Հայնախագիծը», չեն իրականացրել օրենքով իրենց վերապահված գործառույթներ՝ գերատեսչական, հեղինակային և տեսչական հսկողության իրականացնելու հաստատված նախագծի նկատմամբ և կանխելու հուշարձանի վնասումն ու խոշտանգումը։
7․ Իսկ, եթե մայիսի 1-ից սկսված վերականգնման աշխատանքների նկատմամբ տեսչական, վերահսկողական կամ հեղինակայնի աշխատանքներ կատարվել են, ապա տրամադրեք վեր հանված խնդիրների առնչությամբ արձանագրությունները։
8․ Այս պահին առևեևութ դադարեցված նախագծի առնչությամբ ի՞նչ մոտեցում է որդեգրել նախարարությունը և ի՞նչ հանգուցալուծում է տեսնում։
9․ Ի՞նչ պատասխանատվություն են կրելու իրենց լիազորություններն ու պարտականությունները ձախողած պաշտոնատար անձինք",- գրել է ՀՅԴ անդամը։
Իր հերթին՝ հայ պատմաբան, ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը նշել է, որ ուղիղ երկու տարի է անցել այն օրվանից, երբ Հովհաննես Թումանյանի թանգարանում սկսվել են հիմնանորոգման աշխատանքները: «Հիմնահատակ ավերելով թանգարանի մասնաշենքերից մեկը, ԿԳՄՍ նախարարությունը այս տեսքով է թողել մեծանուն հայի թանգարանը ու այս ողբալի վիճակը բոլորովին էլ չի անհանգստացնում Ժաննա Անդրեսյանին, ով ամեն մի ասուլիսի ժամանակ խրոխտ հայտարարում է, թե ինչքան գումարներ է հատկացրել նախարարությունը, հիմնականում անիմաստ ու խոշոր կոռուպցիոն ռիսկեր պարունակող նախագծերին: Կոռուպցիայի մանրամասնությունները տեսանք փաստաթղթավորված տեսքով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նախահաշիվներում:
Եթե կարծում եք, թե նախարարությունում լուրջ մտածում են, թե ինչպես անեն, որ օր առաջ վերականգնեն Թումանյանի թանգարանը և այն սկսի գործել սովորականի պես, ապա չարաչար սխալվում եք:
ԿԳՄՍ-ում հիմա հաշվում են ֆեստիվառների երկրորդ սեզոնից մնացած ու օրենքի տառին ու պահանջին համաձայն ձևակերպված գումարները: Իսկ դա, իրենց պատկերացմամբ, շատ ավելի լուրջ բան է: Ինչ Ծիծեռնակաբերդ, ինչ Թումանյան...», - գրել է Դեմոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Ավելի վաղ սոցիալական ցանցերի հայկական հատվածում տարածվել էին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում իրականացվող, այսպես կոչված, վերանորոգման աշխատանքների կադրերը: Փորձագետներն անընդունելի են համարել այն մեթոդները, որոնցով իրականացվում են աշխատանքները։