


Արմինֆո. Հայաստանի ներքին գործերի նախարարությունում հաստատել են Փարաքար համայնքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարի եղբոր ձերբակալության փաստը:
Այսպես, Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, ի պատասխան ԱրմԻնֆո-ի հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ սեպտեմբերի 3-ի գիշերը ձերբակալվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը, հաղորդել է, որ Հայաստանի ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները Փարաքար համայնքում կանգնեցրել են տրանսպորտային միջոցը՝ զննության նպատակով: "Պարեկային ծառայության աշխատակիցները տրանսպորտային միջոցը ստուգելու նպատակով ավտոմեքենան կանգնեցրել են Փարաքար համայնքի Երևանյան փողոցում։ Կանգնեցված տրանսպորտային միջոցի ուղևորը դուրս է եկել ավտոմեքենայից՝ փախուստի ժամանակ ճանապարհին նետելով իր մոտ եղած ատրճանակն ու փոշենման նյութերով լի փաթեթները: Ավտոմեքենայի վարորդն անմիջապես բերման է ենթարկվել և տեղափոխվել Ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նրա անձնական զննության ժամանակ նրա մոտ կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել",- հաղորդել է ՆԳՆ մամուլի քարտուղարը՝ անուններ չնշելով։
Նա նշել է, որ դեպքի մանրամասներն ու հանգամանքները պարզվում են: Սարգսյանը հավելել է, որ միջոցներ են ձեռնարկվում փախուստի դիմած քաղաքացուն հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը, ինչպես հավելել է Սարգսյանը, փոխանցվել են նախաքննական մարմնին։
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Փարաքարում թմրանյութ օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը:



