


Արմինֆո. Սեպտեմբերի 2-ին օրենքի և իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ, ևս մեկ անգամ երկարաձգվեց Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը։ Այդ մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ռարածած հայտարարությունում:
«Խիստ բացահայտ է, որ դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին՝ ստանձնելով եկեղեցականների և Եկեղեցուն աջակցող անձանց նկատմամբ հաշվեհարդար կիրառելու անպատվաբեր դերակատարություն։
Հարկ է վերջ տալ ապօրինություններին, այդ թվում՝ խտրական մոտեցմանը, և անհապաղ ազատ արձակել ինչպես Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այնպես և կեղծ մեղադրանքներով կալանավորված անձանց», - նշվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Երևանի դատարանը ևս մեկ ամսով երկարաձգել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը: Դատավոր Արմինե Մելիքսեթյանը կալանքի ժամկետի երկարաձգումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ արքեպիսկոպոսը, իբր, կարող է կրկնել իրեն մեղսագրվող արարքը: Մինչդեռ, Աջապահյանի փաստաբան Երեմ Սարգսյանը վստահ է, որ նման որոշումը դատախազության և դատարանի համակարգված աշխատանքի արդյունք է:
Նշենք, որ հունիսի 28-ին Երևանի առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել երկու ամսով կալանավորել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով մեղադրվում է իշխանությունը բռնի տապալելու կոչեր անելու համար։ Դրան նախորդել էր իրավապահների ներթափանցումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ։ Օգոստոսի 15-ին դատավոր Մելիքսեթյանը դատական նիստի ընթացքում 10 օրով երկարաձգել էր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը:



