


Արմինֆո. Սեպտեմբերի 6-7-ը Երևանում կանցկացվի Հրաձիգների համահայկական մրցույթ, որը կազմակերպել է "Ազատազեն" կրթական հասարակական կազմակերպությունը:
Ըստ կազմակերպիչների՝ մրցույթին կարող են մասնակցել 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները:
Ցանկացողները կարող են մասնակցել օրինական հիմունքով իրենց պատկանող զենքով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հրաձգարանին տրամադրված այլ անձի զենքով: Բացի այդ, թույլատրվում է մասնակցել "Զենքի շրջանառության կարգավորման մասին" ՀՀ օրենքով սահմանված պետական ռազմականացված կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ սեփական ամրակցված զենքով: Մրցումները տեղի կունենան "Ազատազեն" ՊՈԱԿ-ի Երևանի քաղաքացիական բաց հրաձգարանում:
"Մեր նպատակն է ոչ միայն կազմակերպել արդար և թափանցիկ մրցումներ, այլև ստեղծել հարթակ, որտեղ մասնակիցները կկարողանան ծանոթանալ, փորձի փոխանակում կատարել և զարգացնել իրենց հմտությունները: Այս միջոցառումը միավորում է մարդկանց, ովքեր սիրում են հրաձգություն, ձգտում են կարգապահության և ինքնատիրապետման, ինչպես նաև ցանկանում են պահպանել հայկական ռազմական և մարզական ավանդույթները: Մենք հավատում ենք, որ նման մրցումները ոչ միայն խթանում են առողջ մրցակցությունը, այլև նպաստում զենքի նկատմամբ անվտանգ և պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը", - նշում են մրցույթի կազմակերպիչները:
Մրցույթի հաղթողը կստանա Perun AR-15. 223 հրացան, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ Tigr 7. 62x54 հրացան, իսկ երրորդ տեղը զբաղեցրածը՝ Saiga 7.62x39 հրացան:
Երեք փուլերից յուրաքանչյուրի արդյունքում առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը կպարգևատրվի BR2 պաշտպանության դասի սաղավարտով: Հրաձգության մրցույթի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը:



