
Արմինֆո. Նախկին իշխանության օրոք հայկական պատվիրակության պետական դիրքորոշման շնորհիվ Պակիստանը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում դիտորդ չդարձավ, մինչդեռ, այսօր երկրի իշխանությունները ուրախությամբ հարաբերություններ են հաստատում այդ երկրի հետ և դա ներկայացնում որպես դիվանագիտական ձեռքբերում: ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովն իր տելեգրամյան ալիքում այդպես է արձագանքել Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկեի ստորագրմանը:
Նա հիշեցրել է, որ արցախյան կարգավորման ողջ ընթացքում Պակիստանն ունեցել է հակահայկական դիրքորոշում։ «Պակիատանի պետական քաղաքականությունն էր ՀՀ-ի չճանաչում, քանի դեռ ՀՀ-ն պաշտպանում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Բոլոր խորհրդարանական հարթակներում Պակիստանը միակողմանի պաշտպանում էր Ադրբեջանի դիրքորոշումը։
2016-ի Ապրիլյան պատերազմի ընթացքում Պակիստանն Ադրբեջանին սատարող 5 հայտարարություն արեց։
Դրանից հետո Պակիստանի խորհրդարանի ղեկավարը ցանկություն հայտնեց ՀԱՊԿ ԽՎ-ում դիտորդ անդամ դառնալու։
Բայց քանի որ որոշումը կարող էր կայացվել միայն կոնսենսուսով,անհրաժեշտ էր ՀՀ պատվիրակության ղեկավարի համաձայնությունը։
ՀԱՊԿ անդամ խորհրդարանի ղեկավարները գրեթե բոլորը կողմ էին Պակիստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելուն։ Պատվիրակություն եկավ Երեւան մեզ հետ հանդիպելու։ Այնուհետեւ Սանկտ Պետերբուրգում կայացավ եւս մեկ հանդիպում։ Իմ դիրքորոշումը հստակ էր.Պակիստանի դիտորդ դառնալը հնարավոր է հետեւյալ պարագայում:
1. Պակիստանը պետք է ճանաչի ՀՀ-ն։
2. Պակիստանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ՄԽ համանախագահության կողմից մշակված Հիմնարար սկզբունքների շրջանակներում։
Կարճ ասած՝ Պակիստանը չդարձավ ՀԱՊԿ ԽՎ դիտորդ հայկական պատվիրակության պետականամետ դիրքորոշման արդյունքում։
Իսկ այսօր սրանք «զուռնա-դհոլով »Պակիստանի հետ հարաբերություն են հաստատում ու դա ներկայացնում որպես դիվանագիտական ձեռքբերում։
ՔՊ-ի «դիվանագիտությունը» պարզ է. այն ձեռքը, որը չեն կարող կտրել, համբուրում են ու դնում են մեր ազգի գլխին։ Տեսնենք հաջորդն ու՞մ «ձեռքն են համբուրելու», - գրել է Շարմազաանովը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իշաք Դարը ստորագրել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե: Ավելի վաղ Պակիստանը չէր ճանաչել Հայաստանի անկախությունը։ Դա պայմանավորված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ Պակիստանի ադրբեջանամետ դիրքորոշմամբ։