


Արմինֆո. Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Հայաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները կարևորել են հանդիպման անցկացումը՝ ընդգծելով, որ այն արդյունավետ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և դրանց հետագա զարգացման ուղիները քննարկելու համար։
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակական ու ակտիվ երկխոսությունը՝ կարևորելով ինչպես բարձր մակարդակի անձնական շփումները, այնպես էլ միջպետական ինստիտուցիոնալ համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի։
Ինչպես հաղորդում Է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ուրախ է նրա հետ բանակցելու հնարավորության համար, քանի որ բազմաթիվ հարցեր են կուտակվել՝ ինչպես երկկողմ բնույթի, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային:
"Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը, ինչպես սովորաբար լինում է, երբ մենք հանդիպում ենք, կլինի օգտակար եւ բովանդակալից", - ասել Է Վլադիմիր Պուտինը:
Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների անդամները մշտական կապի մեջ են։ «Մեր գործընկերները մշտական կապի մեջ են: Ինձ զեկուցում են կառավարության անդամները. նրանք Հայաստանում հաճախ են լինում, և Ձեր կառավարության անդամները գալիս են Ռուսաստան", - ասել Է Պուտինը։
Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, հայտարարել է, որ ուրախ է Հայաստանի և Ռուսաստանի միջև գործընկերության և ձևավորված երկխոսության համար: "Նկատի ունեմ նաև մեր անձնական երկխոսությունը, և, իհարկե, շատ ակտիվ երկխոսությունը մեր եղբայրական երկրների միջև", - նշել է վարչապետը:
"Միշտ հաճելի է Ձեզ տեսնել և շփվել, զզզրուցել", - հայտարարել է Փաշինյանը։



