
Արմինֆո. ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը ներկայացրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ հանդիպումների մանրամասները:
Հաղորդագրության համաձայն, օգոստոսի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Գրիգորյանն ու Փեզեշքիանն ընդգծել են, որ երկու երկրները հաստատակամ են զարգացնել շարունակական երկխոսությունը՝ միտված ռազմավարական գործընկերության հաստատմանը:
Զրուցակիցները քննարկել են նաև օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք ԱԽ քարտուղարը կարևորել է որպես խաղաղության հաստատման գործընթացում կարևոր հանգրվան: Նախագահ Փեզեշքիանը նշել է, որ Հայաստան–Իրան վերջին բարձրաստիճան շփումները և իր պաշտոնական այցը ՀՀ նպաստել են Իրանում առկա անորոշությունների արդյունավետ հասցեագրմանը:
Թեհրան աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է նաեւ ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ:
Կողմերը գոհունակությամբ նշել են ԱԽ գրասենյակների միջև ձևավորված ինստիտուցիոնալ կապերը և վստահություն հայտնել դրանց շարունակական ամրապնդման ու զարգացման հարցում:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչի համատեքստում Ա.Գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերը և նշել, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու բացառապես երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում:
Ա.Լարիջանին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնությունները՝ կարևորելով կայունության և անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգին՝ ընդգծելով տնտեսական փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը: