


Արմինֆո.Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի պատվիրակությունը սեպտեմբերի 3-ին կփակվի Ադրբեջանի իշխանությունների պահանջով, սակայն դա ամենևին չի նշանակում, որ մեր աշխատանքի հնարավորությունները կսպառվեն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դաֆնա Մարեն' ԱրմԻնֆո-ի հարցին ի պատասխան անդրադառնալով Ադրբեջանում կազմակերպության գրասենյակի փակման պայմաններում անհետ կորածների ճակատագիրը պարզելու հարցում մարդասիրական կազմակերպության հետագա գործողություններին:
"Այո, ցավոք, մենք ստիպված կլինենք փակել մեր պատվիրակությունը Բաքվում սեպտեմբերի 3-ին ՝ իշխանությունների պահանջով։ Բայց մենք չենք կարծում, որ այսքանով մի շարք հարցերի շուրջ աշխատելու մեր հնարավորությունները կսպառվեն ։ Մենք կշարունակենք առաջարկել մեր ծառայությունները ցանկացած դերում, որը մենք կարող ենք խաղալ որպես չեզոք միջնորդ՝ նպաստելու անհետ կորածների խնդրի լուծմանը: Դա չի նշանակում, որ մենք այլևս երբեք չենք շփվի Ադրբեջանի իշխանությունների հետ ։ Քննարկումները շարունակվում են, եւ մենք կարծում ենք, որ կարող են աշխատանքի նոր հնարավորություններ հայտնվել", - նշել է Մարեն։
Այդ համատեքստում նա ընդգծել է, որ վերջին տարիների և տասնամյակների ընթացքում կատարված աշխատանքը չի մոռացվի:
Միաժամանակ Մարեն կարծում է, որ այժմ վճռորոշ պահ է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման համատեքստում։
"Նախագծում նշված է, որ անհետ կորածների հարցով մշտական աշխատանք և համակարգում է իրականացվելու միջազգային կազմակերպության հետ։ Բայց դա չի նշանակում, որ մենք կապ չենք պահի Բաքվի իշխանությունների հետ ։ Մենք կշարունակենք պահպանել չեզոքություն և առաջարկել մեր միջնորդական դերը մի շարք հարցերում ։ Իհարկե, կարևորագույն հարցերից մեկը անհետ կորածների հարցն է", - ամփոփել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը։



