
Արմինֆո. Ռուսաստանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին Ադրբեջանի և Հայաստանի համատեղ որոշմանը։ Ըստ ՌԲԿ-ի՝ այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հաաավելելով, որ խմբի վերջնականապես լուծարումը նախատեսում են մինչև 2025 թվականի դեկտեմբեր։
Նրա ասելով՝ խոսքը երեք ինստիտուտների՝ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և բարձր մակարդակի պլանավորման խմբի աշխատանքի դադարեցման մասին է: "Հաշվի առնելով դրանց պահպանման աննպատակահարմարության վերաբերյալ կողմերի դիրքորոշումը՝ չենք տեսնում դրանց լուծարմանը խոչընդոտելու հիմքեր", - հայտարարել է ռուս դիվանագետը։
Լուկաշեւիչի խոսքով, Մինսկի խմբի լուծարման ընթացակարգը հետեւյալն է. ԵԱՀԿ մշտական խորհուրդը (քաղաքական խորհրդատվությունների գլխավոր դիրեկտիվ մարմինը) կազմակերպության անդամներին խորհուրդ է տվել "լուռ համաձայնությամբ" հաստատել այդ հարցի վերաբերյալ նախարարական որոշումը, եթե մինչեւ սեպտեմբերի 1-ը ոչ ոք առարկություն չհայտնի խմբի լուծարման վերաբերյալ, որոշումը կհամարվի ընդունված: "Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ տվյալ որոշման կատարման հետ կապված վարչական և ֆինանսական միջոցների իրականացումը կտևի մի քանի ամիս։ ԵԱՀԿ-ում ակնկալում են դրանք ավարտել ոչ ուշ, քան այս տարվա դեկտեմբերը։ Դրանից հետո բոլոր երեք կառույցները, որոնք պատասխանատու էին ղարաբաղյան կարգավորմանն աջակցության համար, պետք է դադարեն գոյություն ունենալ",-ասել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին որոշումը կկայացվի սեպտեմբերի 1-ին: Նրա խոսքով, փաստորեն, այդ մեխանիզմը վաղուց արդեն հեռացվել է խաղաղության գործընթացից։ Մինսկի խմբի լուծարումը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման համար Ադրբեջանի առաջ քաշած երկու պայմաններից մեկն է ։ Մյուսլ պայմանը՝ Հայաստանը պետք է իր սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնի, որոնք կվերացնեն "Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները"։
Մինսկի խմբի վերաբերյալ ԵԱՀԿ-ին ուղղված դիմումը Բայրամովը և նրա հայ գործընկեր Արարատ Միրզոյանը ստորագրել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում և օգոստոսի 11-ին ուղարկել են կազմակերպություն: