


Արմինֆո. Մեկնարկել են Այրում կայարանի հետիոտնային կամրջի տեղադրման աշխատանքները: Այդ մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:
Այրում կայարանի հետիոտնային կամուրջը փլուզվել էր անցած տարի մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով:
«Այս մետաղական կամուրջը ևս Հայաստանին է նվիրաբերել Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Այս պահին մետաղական կամրջի տեղադրման աշխատանքները մեծ թափով առաջ են գնում: Շինարարները հավաստիացնում եմ, որ շատ շուտով կամուրջը պատրաստ կլինի:
Սա արդեն երկրորդ մետաղական կամուրջն է, որը իրանական կողմը նվիրում է Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով: Առաջին կամուրջը տեղադրված է Ալավերդու «Սանահին կայարան» թաղամասում», - ասվում է ՏԿԵՆ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 26-ին Հայաստանի հյուսիսում տեղի էր ունեցել ջրհեղեղ՝ առատ տեղումների, հորդառատ անձրևի և Դեբեդ ու Աղստև գետերի վարարման հետևանքով, ինչը հանգեցրել էր ենթակառուցվածքների զգալի ավերածությունների և 4 մարդու մահվան ։ Տարերքը վնասել էր ճանապարհները, կամուրջներն ու երկաթուղային գծերը։ Հայաստանի ՆԳՆ վերջին տվյալներով ՝ Լոռու և Տավուշի մարզերի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել էր 429 մարդ:



