
Արմինֆո.Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) անդամակցության հայտ ներկայացնելու Հայաստանի որոշումը նշանավորվում է ինչպես շարունակականությամբ, այնպես էլ փոփոխություններով: Այդ մասին CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Չինաստանում Հայաստանի դեսպան Վահե Գեւորգյանը՝ անդրադառնալով այդ կազմակերպությանն անդամակցելու երկրի շարժառիթներին։
Նա հիշեցրել է, որ դեռևս 2016 թվականին Հայաստանը դարձել է երկխոսության գործընկեր, և այդ առումով արդեն իսկ հնարավորություն է ունեցել լավ աշխատանքային հարաբերություններ հաստատել այդ կազմակերպության քարտուղարության, ինչպես նաև առանցքային պետությունների հետ:
"Ինչ վերաբերում է այդ ուղղությամբ մեր արտաքին քաղաքական մոտեցումներին, ես կցանկանայի նշել, որ մենք ձգտում ենք դիվերսիֆիկացնել մեր հարաբերություններն աշխարհի առանցքային երկրների, աշխարհի խոշոր երկրների, ինչպես նաև բազմակողմ կազմակերպությունների հետ: Մենք հավատում ենք բազմակողմ դիվանագիտությանը և բազմակողմանիությանը", - ասել է Գևորգյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը հաստատակամ, վճռականորեն և նպատակասլաց դիմում է ՇՀԿ-ին անդամակցելու համար, որպեսզի կիսվի սկզբունքներով, ոգով և աշխատի այդ կազմակերպության բոլոր առանցքային երկրների հետ միասին:
Անդրադառնալով հայ-չինական երկկողմ հարաբերություններին՝ Գեւորգյանը նշել է, որ Երեւանն ու Պեկինը մոտենում են ռազմավարական հարաբերությունների, Չինաստանի հետ ռազմավարական համագործակցությանը: Նրա խոսքով՝ այդ համագործակցությունը հիմնված կլինի փոխադարձ շահերի և փոխադարձ հարգանքի վրա։
"Մենք հույս ունենք մոտ ժամանակներս որակական նոր մակարդակի հասցնել մեր հարաբերությունները։ Հայաստանը շահագրգռված է մեր երկկողմ առևտրի ծավալի մեծացմամբ, որն արդեն սրընթաց աճում է ։ Մենք նաև չափազանց շահագրգռված ենք, որպեսզի Չինաստանը դառնա կապերի զարգացման ոլորտում մեր նախագծերի մի մասը, և որպեսզի Չինաստանի մասնակցությունը Հայաստանին ավելի մեծ հնարավորություններ ընձեռի ենթակառուցվածքի զարգացման համար", - նշել է նա։