
Արմինֆո. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջին անգամ հայտարարել է, որ ճանաչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանությունը, հաղորդում է The Times of Israel-ը:
Պատրիկ Բեթ-Դավիթի փոդքասթում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է. "Կարծում եմ ՝ ճանաչել ենք։ Կարծեմ՝ Քնեսեթը բանաձեւ է ընդունել այդ առնչությամբ"։
Հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է. "Ես հենց նոր դա արեցի":
The Times of Israel-ը հիշեցնում է, որ հայերը վաղուց են ձգտում հասնել ցեղասպանության միջազգային ճանաչման, որի արդյունքում, ըստ առկա տվյալների, զոհվել է ավելի քան 1,5 միլիոն հայ: Թուրքիան մերժում է այն պնդումը, թե հայերի զանգվածային սպանությունները, ազատազրկումը և հարկադիր տեղահանումը ցեղասպանություն են:
2001 թվականին, երբ Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ գտնվում էին գագաթնակետին, այն ժամանակվա արտգործնախարար Շիմոն Պերեսը բացահայտ հերքել էր "հայկական մեղադրանքները" ՝ դրանք դատապարտելով որպես Հոլոքոստի հետ զուգահեռ անցկացնելու փորձ: "Հոլոքոստի նման ոչինչ տեղի չի ունեցել ։ Այն, ինչ ապրել են հայերը, ողբերգություն է, բայց՝ ոչ ցեղասպանություն", - ասել էր նա։
Միաժամանակ, 2000 թվականին կրթության այն ժամանակվա նախարար Յոսի Սարիդը հայտարարել էր Հայոց ցեղասպանությունը Իսրայելի պատմության ծրագրում ներառելու մտադրության մասին։ "Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է, և չկա ավելի սարսափելի և զազրելի բան, քան ցեղասպանությունը ։ Մեր կրթության նպատակներից մեկը՝ մեր գլխավոր նպատակը, կարեկցանք սերմանելն է անմեղ մարդկանց տառապանքների նկատմամբ, որոնք պատճառվում են բացառապես ազգային հատկանիշով", - հայտարարել էր նա կոտորածի 85-րդ տարելիցին: "Մենք ՝ հրեաներս, որպես մահաբեր ատելության գլխավոր զոհեր, կրկնակի պարտավոր ենք լինել զգայուն, կարեկցել մյուս զոհերին"։
Ավելի քան տասը տարի անց՝ 2011 թվականի հունիսին, հենց Քնեսետի պատգամավոր Արիե Էլդադը՝ ծայրահեղ աջ "Ազգային միություն" կուսակցությունից, օրինագիծ էր ներկայացրել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին, բայց հարցն այդպես էլ քվեարկության չէր դրվել։
Նույնիսկ, Իսրայելի նախորդ նախագահ Ռեուվեն Ռիվլինը բացահայտ հանդես էր գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։ "Անհնար է, որ Քնեսեթն անտեսի այդ ողբերգությունը", - հայտարարել էր Ռիվլինը մինչ նախագահ դառնալը՝ լինելով Քնեսեթի խոսնակ "Լիկուդ" կուսակցությունից: "Մենք պահանջում ենք, որ մարդիկ չհերքեն Հոլոքոստը, և մենք չենք կարող անտեսել մեկ այլ ժողովրդի ողբերգությունը": Սակայն նախագահի պաշտոնում նրա առաջնահերթությունները կտրուկ փոխվել էին։ 2015 թվին, ելույթ ունենալով ՄԱԿ-ում, Ռիվլինը մանրամասն պատմել էր մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի կոտորածների մասին: Ընդ որում, նա շրջանցել էր ճանաչման հարցը։ Նախագահ դառնալուց հետո նա նաև որոշել էր չթարմացնել իր ստորագրությունը ամենամյա խնդրագրի ներքո, որը կոչ է անում Իսրայելին ճանաչել Ցեղասպանությունը։ 2018 թվին Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը չեղարկվել էր՝ կոալիցիայի աջակցության բացակայության պատճառով: